Դուշանբեում մայիսի 13-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
Դուշանբեում մայիսի 13-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին: Միրզոյան-Լավրով զրույցի մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն` մանրամասնելով, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը, որի կառուցվածքը Երևանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցում: Արարատ Միրզոյանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/04/29/fms_armenia_russia/11422
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com