ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում է՝ համագործակցությունը խորացնելու նպատակով
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում է՝ համագործակցությունը խորացնելու նպատակով Հինգշաբթի և ուրբաթ օրերին Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում է ՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել ԵՄ–Հայաստան համագործակցությունը և խթանել տարածաշրջանային կապակցվածությունը։
Հինգշաբթի օրը Երևանում հանձնակատարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների առանցքում էր առաջիկա ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵՄ կապակցվածության օրակարգին համահունչ տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը։ Հանձնակատար Կոսը հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկել Հայաստանի համար նախատեսված ԵՄ 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի իրականացման առաջընթացը։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը։ Հանձնակատար Կոսը հանդիպել է նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այսօր Գյումրիում հանձնակատար Կոսը այցելել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք նպաստում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերի աջակցությամբ Հայաստանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 7000 ձեռնարկությունների, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։ Հանձնակատարը այցելել է նաև Գյումրու պատմական շուկան, որը ներկայում վերականգնվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունների զարգացումը տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում։ Հանձնակատար Կոսը հանդես է եկել ելույթով Շիրակի պետական համալսարանում, պատասխանել է ներկաների հարցերին։
Այնուհետև հանդիպել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասնակիցների հետ, ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ներգրավված տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ՝ նրանց գործունեությանը ծանոթանալու և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության պահպանման գործում նրանց դերը քննարկելու նպատակով։ 
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






