ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: «ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում»,- ասվում է ելույթում։ Բացի այդ, ԵՄ-ն ընդգծում է Արցախի հայերի՝ ԼՂ վերադարձի իրավունքը։ «ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com