«Եվրոպայում սպասում են մեզ»․ ստորագրահավաք ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու օրինագծի շուրջ
«Երբ հաջողենք ստորագրահավաքը իսկ հետո նաև հանրաքվեի իրականացումը, անհրաժեշտություն կա փոխելու հանրաքվե իրականացնելու մասին օրենքը, որը ոչ ժողովրդավար է և գրվել է նախորդ իշխանությունների օրոք»,- այս մասին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ նշեց՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նշենք, որ մամուլի ասուլիս հրավիրել էին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։
ԵՄ-ից դեպի Հայաստան տարբեր դրական ազդակներից հետո հայաստանյան արտախորհրդարանական որոշ կուսակցություններ կառավարությանը այս տարվա հունիս ամսին կոչ արեցին առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Երկար չձգելու համար առաջարկվել էր այս տարվա սեպտեմբեր ամիսը, որը կառավարության կողմից անպատասխան մնաց։ Այնուամենայնիվ ԵՄ-ին անդամակցելու հարցով Հայաստանի արտախորհրդարանական ուժերը ցանկանում են հանրաքվե իրականացնել ու այդ նպատակով իրազեկման գործընթացներ են սկսել հանրապետության տարբեր մարզերում։ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիսի ժամանակ բանախոսները նշեցին՝ ըստ իրենց նախ պետք է ստորագրավաք իրականացնել, որը հանրաքվեի համար իրավական հիմք կդառնա իսկ վերջինս Եմ անդամակցության ճանապարհին իրավական և քաղաքական տեսանկյուններից ճիշտ մոտեցում են համարում, և քաղաքացիական նախաձեռնության կարգով խորհրդարան են ներկայացնելու նույն հարցով օրենսդրական նախագիծ։
«Այս գործընթացով պարզ կդառնա, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր ապագային, դրանով էլ կերևա, թե եվրոպացիներն ինչպես կվերաբերվեն մեր մտադրություններին»,-նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Իսկ լրագրողների այն հարցին, թե քաղաքիցները ունեն մտավախություն՝ արդյո՞ք ԵՄ-ն Հայաստանին գրկաբաց կընդունի այս գործընթացն հաջողությամբ կատարելուց հետո․ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը պատսխանեց՝ «Որպես ԵՄ-Հայաստան քաղհասարկության պլատֆորմի համակարգող՝ պատասխանը հիմնականում և հետևողականորեն այն է, որ պետք է դիմել, որպեսզի հասկանանք՝ արձագանքը դրական կլինի, թե բացասական։ Առանց դիմելու, առանց այդ քայլը կատարելու ոչ մի պատասխան չկա։ Նաև ուզում եմ անդրադարձ կատարել դարձյալ հնչող մտահոգություններին, թե սա պատեհ պահը չէ։ Այս գործընթացը սկսելու, ԵՄ անդամակցության մեկնարկը հռչակելու, նաև իշխանության վրա ճնշումներ գործադրելու ճիշտ պահը չէ, այդ դեպքում ուզում եմ հարց տալ՝ բա ե՞րբ է ճիշտ պահը, ո՞վ է երբևէ կարողանալու ասել՝ ե՞րբ է ճիշտ պահը»։
«Ճիշտ պահերը» թվարկելով «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն էլ հավելեց, որ 30 տարի շարունակ մեկը մյուսի հետևից կորցրել ենք դրանք և ԵՄ-ին անդամակցելու ճիշտ պահերը բաց ենք թողել։
Ի պատասխան հասարկության մտավախությունների՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է , որ Եվրոպայում սպասում են մեզ։ «Այնտեղ մեզ սպասում են, բայց սպասելով հանդերձ՝ ուզում են, որ մեր տնտեսությունն այդ չափանիշներին համապատասխանի, որպեսզի մեր տնտեսություն այդ չափանիշներին համապատասխանի, մենք պիտի հայտ ներկայացնենք, ասենք՝ այո, ուզում ենք ձեր ընտանիքի մասը դառնալ, որպեսզի իրենք էլ օգնեն մեզ, որ մեր տնտեսությունն այդ չափանիշներին համապատասխանի, որ դառնանք այդ ընտանիքի անդամության թեկնածու»,-նշեց նա։
Սարգսյանին կարծիքով, Ռուսաստանը Հայաստանին զենք չի տալու, և որ ՌԴ-ն Ադրբեջանի բարեկամն է, երեկ ողջ հայությունը տեսավ՝ Պուտինի, Իլհամ Ալիևի և նրա կնոջ փոխադարձ սիրո ցուցադրմամբ։ Նրա խոսքով ՝ ՌԴ-ի հետ շարունակելը մեզ ոչինչ չի տալու, մնացինք Ռուսաստանի հետ, կորցրեցինք Արցախը։ «Տարածաշրջանում դու պիտի լինես, հետո համագործակցես, երբ որ քո տնտեսություն՝ էներգետիկայով ու արդյունաբերությամբ, 90 տոկոս Ռուսաստանինն է, երբ որ քո սահմանները պաշտպանում է Ռուսաստանը, դու ՀԱՊԿ անդամ ես, ԵԱՏՄ անդամ ես, դու ո՞վ ես այդ տարածաշրջանում, քո հետ ինչո՞ւ պիտի խոսեն, կխոսեն Պուտինի հետ էլի, դու ո՞վ ես, դու ոչ մի բան ես էդտեղ»,– ասաց Սարգսյանը։
«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով իրենք դիմում են ժողովրդի, որպեսզի հենց իրենց վերադառնա որոշում կայացնելու մենաշնորհը․ «Մեր գործընկերները պատրաստել են օրինագիծ, մենք ժողովրդի աջակցությունն ենք խնդրում։ Այն կոչվում է Եվրոպական միությանն անդամակցելու՝ ՀՀ մեկնարկի մասին օրինագիծ, մենք ժողովրդից խնդրելու ենք աջակցել Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնությանը»-ասաց նա։
Հիշեցնենք, որ ստորագրահավաքը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր ամսին։ Եթե ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա, համաձայն ՀՀ Սահմանադրության, հարցը կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգում։ Չընդունվելու դեպքում արդեն անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն նախագիծը հանրաքվեի դնելու նպատակով։«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, անդամների թիվը հասնում է մոտ 50-ի։ Նախաձեռնող խումբն իր կազմից ընտրել է լիազոր ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, նա խմբի անունից հանդես է գալու Կենտրոնական ընտրական հանձնաժողվում։ Ստորագրահավաքից հետո լիազոր ներկայացուցիչը հանդես է գալու Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում, ներկայացնելու է օրինագիծը, իսկ պետաիրավական հանձնաժողովի հաստատումից հետո ԱԺ-ի լիագումար նիստում ներկայացնելու է այդ օրինագիծը։
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է անելու նախաձեռնող խումբը նախատեսված 50 հազար քաղաքացու ստորագրությունը չհավաքելու դեպքում՝ Արամ Սարգսյանը պատասխանում է․ «Չի հավաքվի, չի ստորագրի, չենք փոխի ուղղությունը, ուրեմն այդ ժողովուրդը դա է ուզում, ուզում է ծայրագավառ դառնալ, մենք էլ կդառնանք փոքրամասնություն։ Մինչեւ հիմա ընդդիմություն ենք եղել, կշարունակենք ընդդիմություն լինել»։
Հավելենք, որ ԵՄ անդամակցության թեմայի մասին «Երկխոսություն մեդիա կենտրոնը» Գյումրիում հարցում էր իրականացրել, այս հարցում Գյումրեցիների կարծիքը իարարամերժ էր։
Հարցումը՝այստեղ
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com