Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ն ստուգել է ձվի շուկան․ արձանագրվել են խախտումներ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ձվի արտադրության և իրացման շուկայում՝ արձանագրելով մի շարք խախտումներ։ Վերահսկողության շրջանակում նմուշառում և հսկիչ գնումներ են իրականացվել մի շարք ձվի արտադրող ընկերություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի խոշոր իրացման կետերում։
Արտադրական կազմակերպություններից խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում․ լաբորատոր փորձարկմամբ պարզվել է, որ ներկայացված ձուն չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտի պահանջներին։ Իրացման շուկայում ևս մի շարք ապրանքանիշերի ձուն չի համապատասխանել նույն ստանդարտին․ մասնավորապես արձանագրվել են կճեպի, սպիտակուցի և դեղնուցի որակի շեղումներ, ինչպես նաև կողմնակի հոտի առկայություն։
Բացի այդ, մի շարք արտադրողների դեպքում արձանագրվել են մակնշման և իրական կարգի անհամապատասխանություններ։ Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






