Իրաքի նախագահն այցելել է Գյումրի
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գյումրի։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և պաշտոնատար այլ անձանց հետ երկու երկրների նախագահներն այցելել են Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել պայմաններին, զրուցել սաների և մարզիչների հետ, հետաքրքրվել անելիքներով ու լսել նրանց։ Այնուհետև Գյումրու «Սև բերդ» ամրոցում հյուրերը մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն՝ միավորելով նորարարությունները» խորագիրը կրող քննարկմանը, որը միտված է եղել միավորելու երկու բարեկամ երկրների նորարարական ներուժը, խոսելու Հայաստանի և Իրաքի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։ Ողջունելով Իրաքի իր գործընկերոջը և համաժողովի մասնակիցներին՝ Վահագն Խաչատուրյանը ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բոլոր նախադրյալները դարավոր բարեկամությունն ամրապնդելու, իսկ համագործակցության համար նոր ոլորտ կարող են հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաները։ «Երբ կա այլընտրանք, ավելի անվտանգ ենք դառնում, երբ այլընտրանք չկա՝ վտանգի մեջ ենք։ Եկե՛ք այսօր օգտագործենք այն հնարավորությունները, որ ունի Իրաքը։ Դրա համար պետք է լավ իմանալ Իրաքի ժողովրդին ու Իրաքի տնտեսության պահանջները»,-նշել է ՀՀ նախագահը։ Նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը ընդգծել է՝ այն ինչ տեսավ ու լսեց, համագործակցության նոր մակարդակի մասին է խոսում։ «Շատ հայեր են արդեն աշխատում Իրաքի տարբեր քաղաքներում, տարբեր ոլորտներում, համագործակցության նոր փուլը կարող ենք ունենալ այսուհետ ևս՝ ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև գործարար ոլորտներում», – ասել է Իրաքի նախագահը։ Ներկաները հարցեր են ուղղել Հայաստանի և Իրաքի նախագահներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի, այս բնագավառում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հաղորդակցության ասպարեզներում բարձր տեխնոլոգիաների կիրարկման նշանակության վերաբերյալ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com