ԼՂ հայ բնակչության վերադարձի վերաբերյալ բանաձև կքննարկվի Ֆրանսիայի Սենատում

Ֆրանսիայի Սենատը Արցախի ու Հայաստանի վերաբերյալ նոր բանաձև է քննարկելու։ Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը, ագրեսիան ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։ Այն պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ սահմանել։ «Սենատը մեծ վճռականությամբ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին իր դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանն արտագաղթել։ Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ գործող պետությունները պետք է հարգեն և պաշտպանեն այս իրավունքը։ Հետևաբար՝ միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»,-ասվում է բանաձևի նախագծի տեքստում։ Այն նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

https://www.senat.fr/leg/ppr23-157.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments