Խուզարկել են Շիրակի թեմի առաջնորդարանի շենքը
Առավոտյան ժամը 8 անց կեսից իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիում՝ Շիրակի թեմի առաջնորդարանում։ Ի աջակցություն Սրբազանի, առաջնորդարանի առջև հավաքվել էին մարդիկ, ակտիվիստներ։ Այստեղ էին նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը, Գյումրու ավագանու «Հայաստանի Կոմկուս» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամներ, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ։
Ոստիկանների գործողությունները դրսում կանոնակարգում էր Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը՝ քաղաքացիական հագուստով։ Նա ոստիկանների հետ փորձեց մարդկանց առաջնորդարանի մայթից տեղափոխել ավելի հեռու վայր, սակայն չհաջողվեց։ Քաղաքացիները վիճաբանեցին, հրաժարվելով հեռանալ։
Առաջնորդարանի շենքի դիմացից բերման ենթարկվեց ակտիվիստ Մհեր Խաչատրյանը, ով հեռախոսով տեսալուսանկարահանում էր կատարում։
Արտաշես սարկավագ Աջապահյանը՝Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի եղբոր որդին, լրագրողներին հայտնեց, որ խուզարկության ժամանակ իրենք փորձել են ներս մտնել, բայց ոստիկանները հոգևորականներին թույլ չեն տվել՝ ասելով, որ իրենցից ներկայացուցիչ կա ներսում։ Բայց ներսում եղել են միայն հավաքարարն ու պահակը, ովքեր, ըստ սարկավագի, պատահական մարդիկ են։ Շիրակի թեմի առաջնորդարանում 2 ու կես ժամ տևած քննչական գործողություններից հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները հեռացան, իրենց հետ տանելով փաստաթղթերի 2 փաթեթ։ Խուզարկությանը ներկա չէր նաև փաստաբանը։ Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով, ինքը վաղ առավոտյան համապատասխան փաստաթղթերով 2 անգամ ներկայացել է առաջնորդարան, տեղեկացրել, որ լիազորված է ներկա գտնվել քննչական գործողություններին, բայց ուժային կառույցների ներկայացուցիչները նրան ներս չեն թողել։
Ըստ փաստաբան Յայլոյանի, քննչական գործողությունները ապօրինի են, քանի որ չի կատարվել օրենքի պահանջը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի լիազոր ներկայացուցիչները խուզարկությունների ժամանակ ներկա չեն գտնվել։
Կարինե Կազարովա
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com