Կայացած «Ֆեստիվառ»-ը տաք է պահում Գյումրու ավագանու կրքերը
Գյումրու ավագանու հերթական նիստում կրկին կրքերը չեն հանդարտվում. օրակարգային հարցերից մեկը հուլիսի 27-ին Գյումրիում կայացած «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնին աջակցման նպատակով դրամական միջոցներ հատկացնելն էր։ Համայնքապետարանը նախատեսել էր բյուջեից հատկացնել 2 միլիոն 434 հազար դրամ։ «Մենք վարձակալել ենք տաղավարներ, որպեսզի ցուցահանդես-վաճառք կազմակերպվի, սեղանիկները բոլորը վարձակալված էին։ Եվ այդ բոլորի համար անհրաժեշտ է 2 միլիոն 434 հազար դրամ գումար։ Գումարը մենք ունենք, հոդվածում գումար կա, կարող ենք փոխանցումն անել, ներկայացնում եմ ձեր հաստատմանը»,-ներկայացրեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ «Ինչի՞ հիման վրա ենք մենք այս գումարները տալիս և հնարավոր չէ՞ր ավելի վաղ տեղեկացնել այս մասին։ Տաղավարներն ինչպե՞ս են օգտագործվել, ումի՞ց են գնվել դրանք։ Մեկ անձից գնումո՞վ են եղել, թե՞ նվիրատվություն է եղել»։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ միջոցառումը տարբեր տարիներին կազմակերպված է Հայաստանի Հանրապետությունով, շքեղ լավ միջոցառում է եղել, մենք վստահ ենք եղել, որ մեր ավագանին կողմ կքվեարկի»։ Լենա Ջիլվայանն էլ հավելեց՝ ավագանին արձակուրդում էր և 2 միլիոնի պատճառով չեն ուզել ավագանուն անհանգստացնել վստահ լինելով, որ կընդունվի ավագանու կողմից։ Այդ պատճառով արտահերթ նիստ չեն հրավիրել։
Ի պատասխան արձակուրդի մեջբերմանը «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ հիշեցրեց, որ օգոստոսին տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ, սակայն այս հարցը քննարկման չի դրվել։
«Կատարվել, վերջացել է, նոր ասում ենք անհետաձգելի էր», -ասաց «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը։ Ավագանին դեմ քվեարկեց, նախագիծը չհաստատվեց։ Կողմ քվեարկեց միայն «Բալասանյան դաշինքը», ՔՊ-ն 9 ձայնով դեմ քվեարկեց, մյուսները՝ ձեռնպահ։
Օրակարգային հաջորդ հարցը Գյումրու կենտրոնական ծուռ տոնածառի էջը փակելուն էր վերաբերվում։ Ավագանին համաձայնեց 75 միլիոն դրամ հատկացնել կենտրոնական հրապարակում տեղադրվող նոր տոնածառի և զարդարանքների ձեռք բերման, հին զարդարանքների վերանորոգման համար։ Կանաչ գեղեցկուհին իրապես գեղեցկանալու կարիք ունի, մանրամասնեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
«Մեր քաղաքի տոնածառը 2005 թվականին ձեռք բերված տոնածառ է, բոլորս հիշում ենք, որ այն քամուց շրջվեց, բավական աշխատատար պրոցես էր սարքել, նորից տեղադրելը։ Սարքածն այն չի եղել, ամեն դեպքում բոլորն ամեն տարի ասում են՝ վայ, տոնածառը ծուռ է, այդ ծուռը կպցրել են, էդպես է եղել, մենք էլ կարողացել ենք դրսից բերած ճյուղերով մի քիչ կարգավորել»-նշեց Ջիլավյանը։
Նոր տոնածառից էլ նկարներ չկան, որն էլ ավագանու մոտ կրկին հարցեր առաջացրեց, բայց քննարկման արդյունքում որոշվեց, որպեսզի հանրությունն էլ տեղյակ լինի այն կտեղադրվի Գյումրու համայնքապետարանի կայքում։
Օրակարգային 41 հարցից 40-ը ստացավ ավագանու հավանությունը, որոնց շարքում էին : Գյումրի համայնքի ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու, ավագանու քաղաքաշինության եվ հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի, ավագանու ֆինանսավարկային եվ տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունները հաստատելու, 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 250 000 000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամը բյուջեի ֆոնդային մաս ուղղելու, համայնքային ենթակայության մի քանի ՀՈԱԿ-ների նվիրատվություն հատկացնելու, «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-ի շենքի առաջին հարկի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար դրամական միջոցներ հատկացնելու, Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր ուղիղ վաճառքի, աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու և մի շարք այլ որոշման նախագծեր։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com