Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը
Գյումրի համայնքի ավագանին այսօր կայացած նիստում որոշել է ընդունել ի գիտություն Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 05-ն իրականացված իրավական հսկողության արդյունքում կազմված 2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ԻՀ 04 արձանագրությունն ու հավելվածը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի 493-Ա որոշմամբ Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն է իրականացվել: Իրավական հսկողության իրականացման գործընթացում ձեւավորված աշխատանքային խումբը (խումբը ղեկավարել է մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը) ղեկավարվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի ապրիլի 9-ի 03-Ն հրամանով հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության հարցաշարով: Միաժամանակ Ավագանին որոշել է արձանագրության քննարկման արդյունքում հանձնարարել Գյումրի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել քայլեր արձանագրված բացթողումների և թերությունների հնարավորինս արագ վերացման ուղղությամբ: Շիրակի մարզպետարանն արձանագրությամբ նաեւ տեղեկացրել է Գյումրի համայնքի ղեկավարին` խախտումների վերացման առաջարկությունները նշված ժամկետում չկատարելու դեպքում այն կբողոքարկվի դատական կարգով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Ըստ կազմված արձանագրության` իրավական հսկողության արդյունքների ու իրավական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից առարկություններ չեն արձանագրվել: Արձանագրության հավելվածի համաձայն` մարզպետարանի աշխատանքային խումբն արձանագրել է, որ Գյումրու համայնքապետարանը չի ապահովել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը: Մարզպետարանն այս խախտման մասով համայնքի ղեկավարին առաջարկել է հետայսու համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ավագանու նիստում քննարկել և հաստատել ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com