Կառավարությունը հաստատել է պատերազմից տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ևս 4 միջոցառում

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած այս միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։
«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ մինչև նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր օրենսդրության համաձայն նաև անետ կորած զինծառայողներն են համարվում հիմնադրամի շահառու: Բայց օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան զինծառայողները: Դրա համար նախ մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում և կրճատում ենք այդ ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։
Մինչև հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա մեկ և ավելի տարվա ընթացքում: Մենք ժամկետները կրճատելու ենք, որպեսզի այն ավելի արագ տեղի ունենա: Բայց ժամկետներն ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ պրոցեսները տևելու են: Ըստ այդմ, որոշում ենք կայացրել բյուջեից գումար փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցություն տրվի՝ մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն պիտի ստանան օրենքով սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի: Այսինքն՝ կնվազեցվի այդ գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա ուղղակի կլինի որպես աջակցություն: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները. այս որոշման իմաստով մենք որոշեցինք, որպեսզի նրանք նույնպես այս հնարավորությունից օգտվեն դարձյալ նույն սկզբունքներով»:

Սոցիալական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կորցրած քաղաքացիներին
Կառավարությունը հաստատել է «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Մասնավորապես, նախատեսվում է Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250 000–ական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։

Մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝
ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Ըստ այդմ, նախատեսվում է «ՀՀ պետբյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ ՀՀ դրամ:
Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: «Ընդ որում այդ ծախսերը վերցնում է իր վրա՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունը, իսկ կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ուսման վարձի փոխհատուցում՝ մարտական գործողությունների մասնակիցներին, ընտանիքի անդամներին
Գործադիրը հասատատել է պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Որոշման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին: Սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստի ընդունած աջակցության միջոցառումների վերաբերյալ որոշումներին, նշել է, որ դրանք ևս վերաբերում են նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզին: «Մենք արդեն ունենք այդպիսի շուրջ մեկ տասնյակ որոշումներ, որոնք կապվում են ճանապարհային քարտեզի հետ: Այս որոշումներրի ընդունումը կշարունակվի, որովհետև արդեն նախագծեր կան շրջանառության մեջ, և ինչպես ասել ենք՝ հետևողականորեն առաջ ենք գնալու այս ճանապարհով»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Այլ որոշումներ
Գործադիրի որոշմամբ Գարիկ Սարգսյանը ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Ռազմիկ Թևոնյանը նշանակվել է Արարատի մարզպետ:
Կառավարությունը հաստատել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments