Կառավարությունը նախատեսում է վերանայել պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների հարկման ընթացակարգերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների, այդ թվում՝ ինքնակամ, անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները: Նախատեսվում է սահմանել նաև, որ շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում: Շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները: Նախագծերով նաև առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագծերի փաթեթի նպատակը մի շարք անավարտ շինություններ ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է: Գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով, և այն, որ ներկայումս ԱՄՆ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, ինչը խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար, հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը:Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։ Ինչպես նաև նրանց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ «Նախագծի նպատակն է նաև ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին` իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային բարդույթներին դիմակայելու համար։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը և պահպանել աշխատակիցների աշխատավարձերը»,–ասել է նախարարը։ Անդրադառնալով ընդուված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մի քանի ամիս է, ինչ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի մասնագետներից. «ՏՏ ոլորտի մասնագետները ահազանգում են, որ դրամի արժևորման արդյունքում որոշակի ռիսկերի առջև են կանգնում և կառավարությունից աջակցություն էին ակնկալում՝ այդ ռիսկերը կառավարելու առումով: Պետք է արձանագրել, որ մենք ամենատարբեր ձևաչափերով քննարկումներ ենք ունեցել և եկել ենք եզրակացության: Առաջին՝ մենք, իհարկե, պատրաստ էինք աջակցել, բայց մեր նախկին փորձը նաև հաշվի առնելով, խնդիր ունենք, որ աջակցություն լինի մաքսիմալ հասցեական և աջակցության արդյունքը լինի ոչ միայն տեղային, այլ ընդհանուր դրական ազդեցություն ունենա ոլորտի և տնտեսության վրա: Հիմա չենք կարող ասել կոնսենսուսային, բայց բազում քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ ռացիոնալ տարբերակը հենց այս տարբերակն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին 10 մլրդ դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որը մեր գնահատմամբ էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում: Իհարկե, հույս ունենք նաև, որ այս աջակցությամբ ոլորտը ոչ միայն ժամանակավոր, այլ երկարաժամկետ կտրվածքով իր մրցունակությունը կավելացնի՝ հարմարվելով այն նոր միջազգային և տնտեսական կոնյուկտուրային, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում»: Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել մարզերին. Գործադիրի որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացվի 1,342,950.9 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 959,827.5 հազար դրամ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com