Կարմիր գորգ, կրքեր ու «Խելահեղ Seance»․ բացվեց Գյումրու դրամատիկականի 159-րդ թատերաշրջանը

Մինչ սպասված թատերաշրջանի բացումն ազդարարող ներկայացումը, տոնական երեկոն մեկնարկեց նորաստեղծ Folkastic Band-ի հետ ճամփորդությամբ դեպի աշխարհի տարբեր երկրների ֆոլկ երաժշտություններ։

Գյումրու դրամատիկական թատրոնը  թատերաշրջանը բացեց Նոել Քոուարդի «Խելահեղ Seance» լիրիկական կատակերգությամբ,  որի ռեժիսորը, բեմադրության եւ երաժշտության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն է։  Ռաֆայել Ասատրյանն է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝  ստեղծագործությունը խորը փիլիսոփայական կամ բարոյահոգեբանական աշխատանք չէ, բայց տրամադրություն ստեղծող է։ «Վերանայելով խաղացանկը, մենք հասկացանք, որ հիմնականում ծանր ներկայացումներ են եղել, և թատրոնին պակասում են կատակերգությունները: Այս անգամ որոշեցինք թատերաշրջանը բացել գունեղ ու պոզիտիվ լիցքերով։ Հանդիսատեսը բեմում կտեսնի նոր երիտասարդական խմբի՝ դերասանների, ովքեր առաջին անգամ են խաղում, և նրանց հետ հանդես կգան մեր փորձառու դերասանները։ Ես այս ներկայացումն առանձնացնում եմ նրանով, որ նոր դեմքեր կան, երիտասարդական  ստեղծագործական նոր կազմ, նոր նկարիչ»,- ասաց Հարությունյանը։

Դերերում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Հասմիկ Սուվարյանը, Լիլիթ Խառատյանը, Արկադի Ղարագուլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ադելինա Հարությունյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Սոֆյա Սարգսյանը, Սեդա Մկրտչյանը։

«Խելահեղ Seance»-ի սցենարի հիմքը կինն է ու կնոջ հավերժական, երբեմն նաև վտանգավոր դարձող սերը։

Ներկայացման ռեժիսոր Ասատրյանի խոսքով ներկայացումը նաև փոթորիկներով լեցուն կյանքի մասին է:  «Այս ներկայացման մեջ անգամ մահվանից հետո կինը հանգիստ չի տալիս ամուսնուն։ Ուղերձը հետևյալն է՝ եթե կինը սիրում է, նա միշտ, ամեն գնով է իր  ամուսնու կողքին, անգամ մահից հետո և սիրող կինը կարող է շրջանցել կյանքի ու մահվան սահմանները, վերադառնալ ու մնալ ամուսնու կողքին։ Ներկայացումը փոթորիկ է մտցնելու մեր հանդիսատեսի կյանքում, և այս ներկայացումով խորհուրդ ենք տալիս գնահատել այն արևածագն ու առավոտները, որ ունեք և երբեք կյանքում չկորցնեք փոթորիկները, ձեր գույները, որոնք ունեք»,- նշեց Ռաֆայել Ասատրյանն ու հավելեց ` երկրային կյանքը լքած Էլվիրան վերադառնում է ու  հայտարարում. «Այս տանը մեկ կին պետք է լինի և դա ես եմ»։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments