Կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը. վարչապետի ուղերձը ժողովրդին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշել է, որ այսօր կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը:
«Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում, արտաքին ուժերին համընթաց նրանք գործում են բավական երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը – մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը», – ասել է նա` հայտարարելով, որ երեկ, օրինակ, ոմանք խրախճանք էին նախաձեռնել «այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին»:
«Ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար:
Ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ որովհետև դա չի ուզում ժողովուրդը», – նշեց վարչապետը:
Շարունակելով նա նկատել է` այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որը հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով:
«Ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է, և ուզենք-չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն և քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալևւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու», – ասել է երկրի ղեկավարը` հավելելով, որ իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին:
Նա վստահեցրել է` գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս դժվարին իրավիճակում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու համար:
Ինչ վերաբերում է պատերազմին, Նիկոլ Փաշինյանն ասել է ` բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ հերոսաբար կռվել են. «Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»:
Անդրադառնալով ապագային` Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը:
Իսկ սրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաեւ գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Այդ պայմանավորվածություններից է բխում նաեւ անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը, որը չափազանց կարևոր հարց է բոլորիս համար, և այստեղ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է լինել ճակատագրական»:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments