Հակակոռուպցիոն դատարաններ և հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու վերաբերյալ նախագծերի քննարկումը հետաձգվել է
Ազգային ժողովի Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկել է հետաձգել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրինագծերի փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը: «Քանի որ առաջինից երկրորդ ընթերցմանը բավականին ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որը մասամբ կատարել ենք, մասամբ էլ ընթացքի մեջ է, հանձնաժողովի հետ նույնպես համագործակցում ենք առանձին հարցեր քննարկելու առումով, առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը, ներառել հետագա օրակարգում»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ։ Նույն հիմնավորմամբ հետաձգվել է նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Խորհրդարանն այս նախագիծը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունել էր: Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։ Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Օրինագծերի քննարկումը հետաձգվել է 2 ամիս ժամկետով:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com