Հակոբ Արշակյանը հայտնել է հրաժարականի մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հրաժարականի մասին՝ որպես պատճառ նշելով օրեր առաջ կատարված միջադեպն ու նշելով, որ պաշտոնյաները պետք է սեփական փորձով օրինակ ծառայեն հասարակությանը: Հակոբ Արշակյանն իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է՝ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձրաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար, և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»։ Հիշեցնենք՝ մարտի 18-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ սրճարանում իր վրա է հարձակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու մասին հաղորդումը Գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Հակոբ Արշակյանը իր և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում էր արել «Ֆեյսբուքի» իր էջում և ներողություն խնդրել միջադեպին ներկա գտնված բոլոր այն քաղաքացիներից, ում հանգիստն իր արարքով խաթարվել է։
Աղբյուր՝ https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/4564078536952152
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com