Հայաստանը դիմել է ՌԴ-ի օգնությանը
Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը տեղեկացրել է՝ այսօր ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են սրել իրադրությունն՝ ամբողջ սահմանի երկայնքով։ Նրա խոսքով՝ մարտական գործողություններն այս պահին շարունակվում են, Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում են Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», – հայտարարել է Գրիգորյանը։ Դիմումը բանավոր է, բայց լինելու է նաև գրավոր ընթացակարգ։«Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանն օգնություն կտրամադրի, և Հայաստանը հնարավորություն կունենա վերականգնել տարածքային ամբողջականությունը», – ասել է ԱԽ քարտուղարը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com