Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին։ Նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությունն այս հարցով։ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, կբացվի նաև ավիահաղորդակցությունը։
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/12/14/spox_comment_turkey_/11243
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com