Հայաստանը նշում է Անկախության օրը

Հայաստանում այսօր նշվում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ ՀՀ Կառավարությունն Ադրբեջանի ներխուժման հետևանքով սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից հետո չեղարկել է տոնական միջոցառումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է Այո»: «Միանշանակ է և աներկբա, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Այո ասող եթե ոչ բոլոր քաղաքացիները, գոնե մեծամասնությունը, հասկանում էր, որ սա պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, կարգախոսը դառնում է Պատասխանատվություն: 1991-ի սեպտեմբերի 21-ին Այո ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախևառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը», – ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը: «Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր: Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը, և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը, և չափազանց կարևոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում», – ընդգծում է Փաշինյանը՝ շարունակելով. – «Ամեն օր, ամեն Աստծո օր […] հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի: Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո և այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր, և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախ,ությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»: «Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը», – իր ուղերձն ամփոփում է Հայաստանի վարչապետը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments