Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության հարցին, թե ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն, ինչպե՞ս կմեկնաբանի որոշումն ու ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ միավորված շտաբին տեղեկացրել է: «Խնդիր, այո՛, կապված է Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հետ, սակայն ամբողջը չէ: Հարցին մենք պետք նայենք մեր տեսանկյունից: ՀՀ-ի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության ոլորտի թիվ 1 դաշնակիցն է և երաշխավորը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունն ու օրակարգը ՌԴ-ի հետ եղել է հետևյալը՝ մտավախություններ ունենք, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ կձեռնարկի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ»,- ասել է նա: Փաշինյանի կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, դրա արդյունքում ստացել են պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են Հայաստանի անվտանգության ոլորտի դաշնակիցների և գործընկերների համար: «Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն. այդ դեպքում որտեղո՞վ է անցում այն կարմիր գիծը, որն արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի, ու դա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ՀՀ-ում: Երևանում կայացած գագաթնաժողովին մեր առաջադրած հիմնական խնդիրն այն էր, որ ոչ միայն տեսականորեն, այլևս գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա շարունակում է մնալ սեղանին»,- մանրամասնել է Կառավարության ղեկավարը: Ըստ նրա՝ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ՝ ասելով՝ իրենք մտավախություններ ունեն՝ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ: ՀՀ-նն այս մասով կանխարգելիչ գործություններ է ձեռնարկում: «Մենք ՌԴ-ի գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք սրա վրա՝ արձանագրելով՝ լռելու պարագայում ռուս խաղաղապահ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում մեզ համար: Այս հարցն աշխատել ենք պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով: Ես չեմ կարող թույլ տալ՝ ՀՀ հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր աշխատանքում ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով: Այս մասով մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, որն էլ շարունակելու ենք»,- վստահեցրել է Փաշինյանը:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com