Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած մշակութային հանցագործությունը

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ վերացնելու փաստը։ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը դատապարտող հայտարարություն է տարածել «Թվիթեր»-ի միկրոբլոգում։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում: Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով»,- ասված է հայտարարության մեջ: Հանձնաժողովը հրապարակել է նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից եկեղեցու պղծման մասին վկայող տեսանյութ՝ նշելով, որ այն ավերումից առաջ նախ ենթարկվել էր վանդալիզմի: Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու հետքերով գնացել է բրիտանական BBC-ի նկարահանող խումբը, որը նկարահանումներ է իրականացրել Մեխակավանում (ադրբեջանական Ջաբրայիլ անվանմամբ):

Աղբյուր՝ https://cutt.ly/vxOKKYA

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments