Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Իր ուղարկած նամակների միջոցով ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաեւ միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն:
Աղբյուր՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=17262&year=2022&month=09&day=14&lang=arm
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com