Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով: Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը: Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/press-releases/2021/01/21/fm_france_phone_call/10763
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com