Հայաստանն ու Ադրբեջանը միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին»
Եվրոպական միության անդամ չհանդիսացող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի՝ «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ Դրանց թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Խորհուրդը ևս 11 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։
«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելող միջոցները հաջորդ 12 ամիսների ընթացքում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու երկրները՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը »,- ասել է Բորելը: Այս հայտարարության հետ մեկտեղ, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է ևս երկուսը՝ գրեթե նույն տեքստով հայտարարություն ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման և Մերձդնեստրի ղեկավարության դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումներին միանալու մասին: Նույն երկրները, բացի Հայաստանից և Ադրբեջանից, գումարած Սերբիան և Վրաստանը, միացել են ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին։ Ադրբեջանը, Հայաստանը, Իսլանդիան և Սերբիան չեն միացել Մերձդնեստրի դեմ պատժամիջոցներին։
Նշենք, որ «Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Ի թիվս այլոց, այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քրեակատարողական դաշնային ծառայության նախկին տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ռուսական գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը։ Ցուցակում ընդգրկված են վեց երկրներից անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ հյուսիսկորեացի երկու նախարարներ և դատախազներ, լիբիացի զինյալներ, Հարավային Սուդանից գեներալ և Էրիթրեայի պետական անվտանգության բյուրոն: Աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ պատժամիջոցների ցուցակը ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։ ԵՄ-ի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմը, որը երբեմն նաև կոչվում է «Մագնիտսկու եվրոպական ակտ», Բրյուսելին թույլ է տալիս «դատապարտել անհատներին, կազմակերպություններին և մարմիններին, ներառյալ պետական և ոչ պետական դերակատարներին, որոնք պատասխանատու են, ներգրավված են կամ առնչություն ունեն մարդու իրավունքների լուրջ խախտումների և չարաշահումների հետ ամբողջ աշխարհում»:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com