Հայկական ընտրություններն ու ծուռ հայելիների թագավորությունը

Հայաստանում հետընտրական կրքեր են, սակայն այդ կրքերը ոչ թե հրապարակներում ու փողոցներում են, այլ կուսակցական գրասենյակներում ու քարոզչական հարթակներում։

2018 թվականին նախորդող բոլոր համապետական ընտրություններում պատկերը բոլորովին այլ էր։ Կեղծված ընտությունների հենց հաջորդ օրը ժողովրդի մի զգալի հատված ինքնաբուխ դուրս էր գալիս փողոցներ եւ իր դժգոհությունն արտահայտում ընտրությունների արդյունքների հանդեպ՝ պահանջելով արդարություն։ Սա կարեւոր ցուցիչ է տեղի ունեցած ընտրությունների նկատմամբ հանրային ընկալման առումով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, հրապարակել է խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցանկը եւ այդ ուժերի ստացած մանդատների քանակը։ Ըստ այդմ, խորհրդարան անցած երեք ուժերից <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը նոր խորհրդարանում ունենում է 64, <Ուժեղ Հայաստանը>՝ 29-ը, <Հայաստան> դաշինքը՝ 12 մանդատ։

Այսպիսով, <Քաղաքացիական պայմանագիրը> իրավունք է ստանում ձեւավորել կառավարություն, խորհրդարանում ունենում է երեք հինգերորդ մանդատների քանակ, այսինքն՝ որակյալ մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ եւ ընտրել մի շարք հանգուցային պաշտոնյաների։ Սակայն իշխող կուսակցությանը չհաջողվեց ձեւավորել երկու երրորդի՝ սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ ուժերի այս համամասնությամբ ՔՊ-ն ի զորու չէ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո կնճռոտ հարցը մնացել էր ԲՀԿ-ի՝ չորս տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարելու խնդիրը։ <Բարգավաճ Հայաստանը> հույս ուներ մի քանի տեղամասերում վերահաշվարկների արդյունքում լրացնել պակասող մի քանի տասնյակ ձայները։ Այդպես էլ կլիներ, եթե առաջ չգար եւս երկու-երեք ընտրատեղամասերում վերահաշվարկներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսքը վերաբերում է այն տեղամասերին, որտեղ քվեարկել էին զորամասերի զինվորները, ընդ որում, այդտեղ քվեարկությունը շարունակվել էր ժամը 20.00-ից հետո, ինչը օրենքի խախտում է։

Այդ խախտման մասին բարձրաձայնում էին հենց ընդդիմության՝ <Ուժեղ Հայաստանի>, <Հայաստան> դաշինքի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք պահանջում էին անվավեր համարել այդ տեղամասերի արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունեց ռուսամետ ընդդիմադիրների այդ պահանջը եւ անվավեր համարեց այդ տեղամասերի քվեարկության արդյունքները, ինչից հետո ընդդիմադիրներն արդեն սկսեցին դժգոհել այդ որոշումից՝ պահանջելով հիշյալ տեղամասերում նշանակել վերաքվերակություն։

Սակայն այս անգամ ԿԸՀ-ն չընդունեց ընդդիմադիրների այդ պահանջը՝ դա պատճառաբանելով, թե <մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետեւյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձեւավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)>։

Ռուսամետ երեք ուժերը, եւս երեք կուսակցություններ (<Հայ ազգային կոնգրես>, <Լուսավոր Հայաստան>, <Ազգային-ժողովրդավարական բեւեռ>) ընդհանուր հայտարարությամբ չեն ընդունում ընտրությունների արդյունքները, հայտարարում են իշխանության կողմից ընտրություններն համատարած կեղծելու, տարատեսակ ընտրակեղծիքների մասին, անգամ այս տարվա ընտրություններն անվանում ամենախայտառակը հայաստանյան ընտրությունների պատմության մեջ։

Հանուն արդարության պետք է ասել, որ եթե ԲՀԿ-ի հետ կապված խնդրի պահով կարելի է ինչ-որ վիճահարույց դրվագներ նկատել, ապա ընտրությունների կեղծման առումով ընդդիմադիրները որեւէ հիմնավորված փաստարկ չեն բերում՝ սահմնափակվելով ընդհանուր ու վերացական հայտարարություններով։ (Հատկանշական է, որ հայաստանյան ընտրությունների մասին ընդդիմադիրները խոսում են հենց այն արտահայտություններով ու բնութագրումներով, որոնք հնչում են ռուսաստանյան շրջանակներից, կարծես այնտեղից ուղարկված ուղեցույցով)։

Այդ կուսակցություններից մի քանիսը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ <Ուժեղ Հայաստանի> առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ հայտարարել է հետընտրական կոալիցիա ձեւավորելու մասին։ Այս որոշումը ինչ-որ տեղ զարմանալի է այն առումով, որ ընդդիմությանը, ինչ-ինչ պատճառերով, ժամանակին չհաջողվեց ձեւավորել նախընտրական կոալիցիա, ինչի փորձերը մի քանի ձեւաչափերով ձեռնարկվել էին եւ այդ փորձերի հաջողության դեպքում կարող էին ավելի արդյունավետ լինել։

Այս ամենին զուգահեռ, իշխող <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության ներկայացուցիչներն էլ հայտարարում են խորհրդարան անցած ուժերի ոչ լեգիտիմ լինելու մասին՝ նկատի ունենալով ռուսամետ երեք ուժերի կողմից բաժանված մեծածավալ ընտրակաշառքները, որոնց մասին ձայնագրությունները ամենօրյա ռեժիմով հրապարակում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հատկանշական է, որ այս օրերին իշխանությունը մի շարք օրինագծեր է քննարկում ընտրակաշառքի հետ կապված խնդիրները լուծելու ու դրանք արմատախիլ անելու ուղղությամբ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments