Հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսել բանակցությունները․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:Ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության՝ Միրզոյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման, թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով:Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք և վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:Դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com