Հայկական կողմի համար շարունակում է առաջնահերթ մնալ գերիների անվտանգ վերադարձը
Գերիների եւ անհետ կորածների թիվը գաղտնիք է․ կան իրարամերժ կարծիքներ
Հայաստանը գաղտնի է պահում արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերեվարված, նաեւ անհետ կորած անձանց ու քաղաքացիների թիվը։
Դեռ հունվարի սկզբին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հակառակն է ընդգծում՝ ֆեյսբուքյան էջում գրառելով, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:
«Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:
Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝ 1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, 2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, 3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, 4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, 5) հրապարակայներոն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ, 6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:
Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ»,-գրել էր Ա․Թաթոյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն արձագանքելով ՀՀ ՄԻՊ-ի այս գրառմանը, ընդգծել էր։ «Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ անթույլատրելի է, որ գերիների վերջնական թիվը չի հրապարակվել՝ հարցնելով՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում:
«Ես կասկած չունեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող էր իմանալ (կարող էր փորձից կռահել կամ Կառավարության գործընկերներից իմանալ), թե ինչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում, սակայն քանի որ ընտրել է հարցը քննարկել հանրային, պարզաբանեմ։
Ադրբեջանը հաստատում է միայն այն գերիների առկայությունը, որոնց մասին կան անհերքելի ապացույցներ։ Այսինքն կան անձիք, ում գերության մեջ լինելու մասին Հայաստանը ունի պնդում, սակայն Ադրբեջանը չի հաստատում այդ անձանց գերության մեջ լինելը։ Հայաստանը բոլոր միջոցներով՝ կլինի դա ռուսական կողմի, թե Կարմիր խաչի, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե այլ միջոցներով պնդում է նույնիսկ փոքր ապացույցի պարագայում անձի գերության մեջ լինելու հանգամանքը։
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ կան անձիք, ովքեր գտնվում են գերության մեջ, սակայն Հայաստանը այդ մասին ոչ մի տեղեկություն չունի՝ անձին համարելով անհետ կորած։ Եվ չի բացառվում, որ եթե այսօր առկա չէ փոքր կամ անհերքելի ապացույց, ապա վաղը այն կարող է ի հայտ գալ։ Եվ վերջնական թիվ հրապարակելը կդժվարացնի ցուցակի համալրումը։ Ավելին` վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը»։
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը․ գործուն եւ չգործող մեխանիզմներ
Դեռ 2020 թվականի դեկտեմբերին Ռիա Նովոստին տեղեկացրեց, որ Ադրբեջանը կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին, որից հետո մեկնարկեց գերիների փոխանակման առաջին փուլը, որից հետո Հայաստան վերադարձվեց շուրջ 50 գերի։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը գերիների փոխանակման մի քանի կանոն է նշում․
- Պատերազմների հրադադարների/զինադադարների ժամանակ, երբ պայմանավորվում են գերիների փոխանակման մասին, ոչ մի կողմը չի իմանում թշնամու մոտ իր գերիների ճշգրիտ թիվը, գիտե միայն իր մոտ առկա թշնամու գերիների ճշգրիտ թիվը:
- Թշնամին իր մոտ եղած գերիների մասին միշտ ավելի նվազ թիվ է հաղորդում փոխանակման համար, քան ունի իրականում, որովհետեւ գիտե, որ հակառակորդն էլ է այդպես վարվում:
- Այս դրվածքը թույլ է տալիս միշտ «պահեստային» գերիներ պահել փոխանակման համար:
- «Բոլորին բոլորի դիմաց» կոչվող փոխանակումները համարյա երբեք այդպես չեն լինում, «բոլորին» հասկացությունը վերաբերվում է գերիների մասին այդ պահին իրար տեղեկացրած թվերին եւ ոչ թե գերիների իրական թվերին: Պատերազմում «հորս արեւ՝ բոլորն են, ուրիշ չունենք» ձեւակերպումներին հավատալը հիմարություն է:
- Գերիների փոխանակումն այդպիսով մեկ փուլանի գործողություն չի լինում, այլ բազմփուլ, այսինքն կողմերը, համոզվելով, որ հակառակ կողմում դեռ գերիներ ունեն, բոլորը չէ, որ անհետ կորած են, իր մոտ ունեցած գերիներից նոր խմբի մասին է տեղեկացնում հակառակորդին ու կողմերը նոր փոխանակման են դիմում:
- Այսպիսով, երբ պատերազմող կողմերից մեկը իր մոտ եղած միանգամից բոլոր գերիների մասին է տեղեկացնում թշնամուն ու առաջին իսկ փուլով բոլորին հանձնում, ոչ միայն մարտավարական սխալ է անում, այլեւ, կորցնելով թշնամու մոտ իր ունեցած գերիներին խաղաղությամբ վերադարձնելու հնարավորությունը, հարվածի տակ է դնում վերջիններիս եւ պետությանը՝ կանգնելով տարրական շանտաժի առաջ. գերիներին ետ ստանալու համար ստիպված է լինելու այլ զիջումների գնալ, կամ ծայրահեղ դեպքում դատապարտված է լինում փոխանակման համար գերիներ ճարել, ինչը առանց ռազմական կամ դիվերսիոն գործողության չի լինում: Իսկ նման գործողությունները զինադադարի կամ հրադադարի խախտումներ են, դրանցից բխող հետեւանքներով:
Ես չգիտեմ թե որքանով է 6-րդ կետը վերաբերելի Հայաստանին, ունի՞ արդյոք փոխանակման՝ Ադրբեջանին հանձնելու համար պահած այլ գերիներ, թե՞ բոլորին առաջին իսկ փուլով է հանձնել: Եթե նման բան են արել իշխանությունները, ուրեմն հերթական խայտառակ սխալն են գործել, անհնար է պատկերացնել, որ փորձառու զինվորականներն ու ոչ այնքան փորձառու դիվանագետները այս կանոնները չեն իմացել: Գուցե Ադրբեջա՞նը թքած ունի այստեղ իր ունեցած գերիների վրա եւ այլ բան է ուզում ստանալ մեր գերիներին վերադարձնելու փոխարեն, դժվարանում եմ ասել»,-գրել է Լ․Բարսեղյանը:
Գերեվարություն՝ նաեւ եռակողմ հայտարարությունից հետո
Ադրբեջանական կողմը հայ զինծառայողների է գերեվարել նաեւ եռակողմ հայտարարությունից հետո, նրանց համարում է ահաբեկիչներ։ Նրանց թվում են Խծաբերդում գերեվարված 60-ից ավելի շիրակցիները։
Խնդրին հետամուտ են լինում բոլորը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով այս խնդրին, հանդես է եկել հայտարարությամբ․ «Հրադադարի հաստատումից հետո հայ զինծառայողների գերեվարումը պետք է դիտարկել եռակողմ հայտարարության կարեւոր դրույթի խախտման համատեքստում։ Խծաբերդի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գործողությունները եւ այնուհետ, ադրբեջանակական կողմի հայտարարությունները, որ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու՝ ցույց է տալիս, որ ռազմագերիները պահվում են պատանդի կարգավիճակում զուտ Ադրբեջանի քաղաքական օրակարգից ելնելով։
Նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության 8-րդ կետի ոչ ամբողջական իրացումը ապացուցում է, որ Ադրբեջանը հումանիտար ուղղությամբ իր ստանձնած պարտականությունները չի իրականացնում։ Նկատենք, որ սույն կետով նախատեսվում էր «ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու զոհվածների դիերի փոխանակում» առանց որեւէ ժամկետների ներառման։ Ուստի, ադրբեջանական կողմի պնդումները, որ Խծաբերդում գերեվարվածներն ունեն այլ կարգավիճակ եւ չեն կարող դիտարկվել այս հայտարարության շրջանակներում՝ սին է ու հիմազուրկ։
Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից ռազմագերիների վերադարձման գործընթացի խոչընդոտումն ու անհարկի ձգձգումը կոպտագույն խախտում է, որը պետք է արժանանա պատշաճ գնահատականի։ Սա է պատճառը, որ մենք եւս մեկ անգամ մեր միջազգային գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում եւ ընդգծում, որ հայկական կողմի համար առաջնահերթություն է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց արագ եւ ապահով վերադարձը։
Օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակները հետամուտ ենք լինելու խնդրի հանգուցալուծմանը»,-գրել է նա։
Մինչ այս հայտարարությունը, Ն․Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե (ԽԿԿ, CPT)։
«Նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում կոչ եմ արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ հնարավորության դեպքում իրականացնել հրատապ (ad hoc) այց Ադրբեջանի փակ հաստատություններում պահվող գերեվարված անձանց պայմանների մոնիտորինգ իրականացնելու համար։
Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված անձինք կյանքի, ֆիզիկական և հոգեկան առողջության անձեռնմխելիության իրավունք ունեն։ Գերեվարվածները բոլոր հանգամանքներում պետք է օգտվեն պաշտպանությունից և արժանանան մարդասիրական վերաբերմունքի առանց որևէ խտրականության։ Պետք է երաշխավորվի ընտանիքի անդամների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունքը։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, ինչպես նաև առանձին իրավապաշտպաններ մեր 62 հայրենակիցների հարցով դիմել էին ՄԻԵԴ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջանկյալ միջոց էր կիրառել այս հարցով։ Ցավով պետք է արձանագրեմ, որ նշված ժամկետը՝ դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում Ադրբեջանը պետք փոխանցեր տեղեկատվություն ռազմագերիների վերաբերյալ, բժշկական փաստաթղթեր տրամադրեր եւ վերջիններիս փոխանակման ժամկետներ հայտներ, խախտվել է։
Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 -ի 2-րդ դրույթի հիման վրա։
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեին (ԽԿՀ, CPT) ուղղված այսօրվա իմ նամակը ևս մեկ լրացուցիչ միջոց է, որը Եվրոպական դատարանի գոյություն ունեցող դատական մեխանիզմի հետ մեկտեղ հուսանք կկիրառվի որպես կանխարգելիչ և ոչ դատական մեխանիզմ։ Քանզի ԽԿԿ-ն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մասն է կազմում։
Հարկ եմ համարում եւս մեկ անգամ հորդորել բոլորին սոցիալական ցանցերում ռազմագերիների անունների և այլ անհատական տվյալների հրապարակումից զերծ մնալ»,-գրել է պատգամավորը։
Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի կոչերով անընդմեջ հանդես են գալիս ինչպես ՀՀ ՄԻՊ-ը, այնպես էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կբարձրաձայնի Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների և այդ երկրում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցերը:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջերս հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Կուսակցության փոխանցմամբ՝ դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։
Գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ օրեր առաջ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւս առանձնազրույց էունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Ֆ․Ցոլակյանն անդրադառնալով գերիների վերադարձի խնդիրին՝ ֆեյսբուքյան էջում գրառել ․ «Հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում` կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։
Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ` գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ` հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։
Պարոն դեսպանի հետ հանդիպելուց անմիջապես հետո` հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը Հայրենիք ապահովելու համար։
Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Անհամբեր սպասում ենք Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,-գրել է նա։
Գերիների անհապաղ վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները ՀՀ ՄԻՊ-ն օրեր առաջ ներկայացրել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը։
«Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը»,-հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը:
Պաշտպանը հարցը քննարկել է նաեւ տարբեր երկրների դեսպանների եւ միջազգային կառույցների հետ, մշտապես առաջանհերթ համարել գերիների անվտանգ ու անհապաղ վերադարձը։
Լավրովի հայտարարությունն ու հայկական կողմի արձագանքը
Վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի խաղաղապահները, գեներալ Ռուստամ Մուրադովը զբաղվում են հայ գերիների հարցով։ Սակայն թե քանի հայ գերի կա Ադրբեջանում այսօր՝ հայտնի չէ, հայտնի չէ նաեւ, թե երբ են հայ գերիները վերադառնալու։
«Գերիների վերադարձի հարցը մանրամասն քննարկվել է հունվարի 11-ին, երկար քննարկումներ են եղել։ Ի սկզբանե հայկական և ադրբեջանական կողմերը պետք է ներկայացնեին անհետ կորածների ցուցակներ։ Ադրբեջանական կողմը այդ ցուցակը ներկայացրել է, իսկ հայկական կողմը՝ ոչ», – ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, թե հայկական կողմն այդ ցուցակն ավելի ուշ է ներկայացրել և այն ամբողջական չի եղել։
«Մենք՝ նախագահ Պուտինը և ես, առաջ ենք քաշում այս խնդրի կարգավորումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա», – ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։
«Հայկական կողմը գերիների ցուցակները ներկայացրել է մի քանի փուլով՝ ըստ թարմացումների, դեռևս դեկտեմբերին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը»,-Լավրովի նշված հայտարարությունն այսպես պարզաբանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում։
Եվրոպական դատարանում անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին իրավապաշտպանների պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել ժամկետներ:
«Եթե չկա որդուս աճյունը, ուրեմն հավանական տարբերակը գերեվարությունն է»
Ռազմական գործողությունների ավարտից հետո ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության նախարարության շենքերի դիմաց գրեթե ամեն օր հավաքվում են եւ իրենց որդիներին են պահանջում անհետ կորած զինվոների ծնողներն ու հարազատները։ Նրանք բանավոր, գրավոր խնդրանքներով ու պահանջներով հրամանատարական անձնակազմից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, Կարմիր խաչի հայկական գրասենյակից պահանջում են տեղեկություններ փոխանցել անհետ կորած որդիների վերաբերյալ։
«Իրենց աչքով տեսնելու» սկզբունքն հաշվի առնելով՝ զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներում ընգրկվեցին ծնողներ ու հարազատներ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքների մասին ամեն օր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լրատվամիջոցներին հաղորդում է դուրս բերված աճյունների քանակի եւ տեղանքի մասին։ Գտնված աճյուններն հիմնականում լինում են անճանաչելի․ ԴՆԹ համընկումների դեպքում զոհված զինծառայողի հարազատներին տեղեկացնում են։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին։
«ԴՆԹ համընկնումների մասին որոշ ծնողներ տեղեկացել են։ Բայց մեր դեպքում դեռեւս պատասխան չկա։ Որդուս ընկերների մարմինները գտնվել են, իսկ նրան չենք կարող գտնել, թեպետեւ անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում»,-պատմում է անհետ կորած զինվորի մայրը եւ հույ հայտնում, որ որդին, հավանաբար, գտնվում է գերության մեջ։
Արդեն մի քանի ամիս է՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատերազմի օրերից տվյալներ է հավաքում անհետ կորածների հարազատներից եւ դրան փոխանցում ՀՀ պաշտպանության նախարարությանը։
«Մինչ օրս 700-ից ավելի քաղաքացիների հարցով են մեզ դիմել: Այս պահի դրությամբ մեր ցուցակներով ունենք 408 անհայտ կորածի վերաբերյալ տեղեկություններ: 700-ի ցուցակները այս ընթացքում ֆիլտրվել են, ոմանք ողջ են գտնվել, ոմանց մարմինն է գտնվել, ոմանք գերության մեջ են»,- NewArmenia.am-ին աել է ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
Ըստ նրա՝ իրենց դիմածներից ողջ են գտնվել 117 քաղաքացիներ, գտնվել են նաև 144-ի մարմինները: Պարզվել է, որ 10 անհետ կորածներ գերիների մեջ են:
Արմինե Սադիկյանը չի բացառել, որ 408-ի անհետ կորածների մեջ կան անձինք, որոնք միգուցե մահացած են, սակայն դեռ չեն նույնականացվել: «Կան դեպքեր, երբ զինվորի անունը զոհերի ցուցակում կա, բայց մարմինը չկա, նա չի կարող զոհված համարվել, պետք է անհետ կորած համարվի»,-ասել է նա:
Հունվարի կեսերին ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Ինչը, ըստ առողջապահության նախարարության, հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:
«Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով»,-տեղեկացրել էր նախարարությունը:
Ներկայում շուրջ 700 մարմին ԴՆԹ հետազոտման փուլում է։ Փորձաքննության է ենթարկվել 3450-ից ավելի մարմին։ Օրական 30 դի է ճանաչվում։
Անհետ կորած զինծառայողները կստանան աջակցություն
Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած այս միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։
«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ մինչև նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Անհայտ կորած զինվորների կենդանի գտնվելու կամ նրանց գերեվարությունից վերադառնալու դեպքում հատկացված գումարները կհամարվեն անհատույց տրամադրված եւ չեն պահանջի վերադարձնել։
Անի Մկրտչյան
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com