Հայտարարվում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժիշկ-մասնագետների պարտադիր զինծառայության զորակոչ. ՀՀ կառավարության նիստը
Կառավարությունը հավանություն է տվել որոշման նախագծին, որով չեղարկվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ առաջարկվում է 2 կարգավորում: «Առաջինը մի շարք խախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն պատրաստ է: Երկրորդ կարգավորումն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»,- ասել է նա: Կառավարությունը հավանություն է տվել նաև Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: «Մասնավորապես, կարգավորել ենք հետևյալը. հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված ու այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար, եւ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասել է նախարարը: 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի. որոշումն ընդունվեց կառավարության նիստում:Որոշմամբ կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման:Պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com