Հանրապետության նախագահի հայտարարությունը

Հանրապետության նախագահին ներկայացված՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ album picture 1371x1200px – 85 Կբ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ: Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով: Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել: Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը: Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում: Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը: Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը:

Աղբյուր՝ https://www.president.am/hy/press-release/item/2021/02/27/Announcement/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments