ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծման վերաբերյալ

Կրակի դադարեցման հայտարարության ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։
ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը վերաբերում է ադրբեջանական մեդիայում տարածված Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններին ու լուսանկարներին: Դրանց շարքում, ըստ ԱԳՆ-ի, հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը:
«Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները միջազգային իրավունքի բացահայտ խախտում են, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Խստագույնս դատապարտելով մարդկության քաղաքակրթական ժառանգությանն ուղղված այդ բարբարոսությունը՝ արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով:
Նախարարությունը, արձանագրելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ կատարվածը, բարձրաձայնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է՝ միաժամանակ պահանջելով ՅՈՒՆԵՍԿՕ-ից և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպություններից հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, անհապաղ ձեռնարկել գործուն և վճռական քայլեր՝ կանխելով ու դատապարտելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները։

Աղբյուր՝  https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/11/15/shu/10652

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest


0 Comments
Inline Feedbacks
View all comments