ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կկազմավորվի Ներքին գործերի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև Ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծումներ ապահովելու համար առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը՝ ըստ անցումային ժամանակացույցի: Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։ Նախարարության ենթակայությանն են հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը։ Նշված բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով միգրացիայի կառավարումը նպատակահարմար է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ միավորմամբ կենտրոնացնել ոլորտի քաղաքականություն մշակող մեկ կառույցի ներքո քաղաքացիական բնույթի ծառայության ձևով՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը։ Արդյունքում օտարերկրյա քաղաքացիների մուտքի և կացության հետ կապված բոլոր գործառույթները կկենտրոնան մեկ պետական մարմնում, կմեծանա միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրագործման փաստահենությունը, միգրացիոն քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատման արդյունավետությունը, կբարելավվի քաղաքացիներին և միգրանտների տարբեր խմբերին տրամադրվող հանրային ծառայությունների որակը, կմեծանա դրանց հասանելիությունը, կզարգանան ոլորտի աշխատակիցների կարողությունները, առավել դյուրությամբ կիրականացվի ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը։
Աղբյուր՝https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/11/24/Cabinet-meeting/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com