ՀՀ-ում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից կգործեն մի շարք սահմանափակումներ

Ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության՝ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ, բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի Կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ Կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝
ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով՝ հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները:
բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով՝ հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:
գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ press@gov.am էլ փոստի հասցեով
դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների դեպքում՝ protocol@mfa.am էլ․ փոստի հասցեով
ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ media@mfa.am էլ․ փոստի հասցեով
2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:
3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից, շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով, բացառությամբ պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ https://www.gov.am/am/news/item/14923/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments