ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն, ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ, աշխատանքով»,- ընդգծել է վարչապետը:Վարչապետը հայտնել է, որ հրատապ լուծում պահանջող Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումն է: Նա պարզաբանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: Անդրադառնալով դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտմանը՝ վարչապետը նշել է, որ նշված գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել, հակառակորդի հարձակման արդյունքում նախնական տվյալներով վիրավորվել է հայկական կողմի 6 զինծառայող, այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, քանի որ այն տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է:«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել»,-ասել է Փաշինյանը: Գործողությունների հետևանքով Արցախի պաշպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է: Վարչապետի խոսքով՝ տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: «Տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այդ պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,-ասել է նա: Իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ դեկտեմբերի 19-ին լրանում է պատերազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանում կմեկնարկի եռօրյա սուգ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի, ինչպես նաեւ՝ հիշատակի այլ միջոցառումներ: Այդ ժամանակ, ըստ վարչապետի, անհետ կորածների եւ զոհերի մարմինների ամբողջական ճանաչում տեղի ունեցած չի լինի, սակայն այդ միջոցառումներն այլեւս հետաձգել հնարավոր չէ:

Տեսանյութ՝  https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/189474682606516

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments