«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 24-րդ տարելիցն է»

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24 տարին: 24 տարի առաջ այս օրը խորհրդարանում ահաբեկչություն եղավ. 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։ ԱԺ բակում այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն է տեղի ունեցել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի բակում ծաղիկներ են խոնարհել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ծանր հարված էր պետականությանը, կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր»,- Ազգային ժողովի բակում հիշատակի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը՝ զերծ մնալով Հոկտեմբերի 27-ի գործի առումով մեկնաբանություններից, մինչև քննչական մարմինը վերջնական եզրակացություն կներկայացնի: «Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ներքուստ հայ ժողովուրդը գիտի, թե ովքեր են եղել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դրդողները և դերակատարները։ «1999 թվականից այս կողմ շատ ժամանակ է անցել, և բնական է՝ ժամանակային բարդություններ կան, բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներն ու հիմնական կազմակերպիչներն ովքեր են եղել։ Ես հիմա իմ պաշտոնի բերումով ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայն ասել, դա մեղադրանք կհնչի։ Թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառները և դերակատարները գիտենք։ Մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»: Գլխավոր դատախազությունն այսօր տարածած հաղորդագրությունում տեղեկացնում է, որ Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում, ասված է հաղորդագրությունում: Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments