Հորդորում ենք միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքը լքելու, նոր ագրեսիաները կանխելու համար. ՀՀ ԱԳՆ
Պաշտոնական Երևանը հորդորում է միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։ «Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», – ասված է արտգործնախարարության հայտարարությունում: Շեշտելով, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է՝ հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը որակելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակություն`Հայաստանի արտգործնախարարությունը շեշտում է՝ սա բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ «Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։ Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում», – ասված է հայտարարությունում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com