Հրապարակվեց Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով սպանության հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավճիռը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ այսօր հրապարակեց դեռ 7 տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, Գյումրու Սլաբոդկա թաղամասում գյումրեցի հավաքարար, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին վաղ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին դաժանաբար ծեծելով սպանության հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավճիռը։ Մեղադրանքում գրված էր․«102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետապնդել է Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցից դեպի Շահումյան փողոց քայլող Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին։
Վերջինս, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ։ Սակայն, Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով նրա հետևից, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ղուկասյանի մահը: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է»:
Դատարանի որոշմամբ ռուս զինծառայողը դատապարտվեց ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով։ Ջուլիետա Ղուկասյանի ընտանիքը նաև քաղհայց էր ներկայացրել դատարան, պահանջելով 1 մլն 800 հազար դրամ, որով պետք է Ջուլիետա Ղուկասյանի գերեզմանը կառուցվի․ քաղհայցը դատարանը բավարարեց ամբողջությամբ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






