ՀՔԱՎ-ը՝ ՀՀ-ում վարժական հավաքների իրականացման ընթացքում խախտումների վերաբերյալ
2022 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է եւ հաջորդ օրը ուժի մեջ է մտել «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» N 1484-Ն որոշումը։ Այս որոշման ընդունումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում պահեստազորում հաշվառված անձանցից առ այն, որ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար, պահեստազորում հաշվառված անձինք չեն ենթարկվում օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներում բացակայում են քաղաքացիների կողմից իրենց առողջության վիճակի վերաբերյալ նախկինում ներկայացված փաստաթղթերը, հաշվի չի առնվում պահեստազորում հաշվառված անձանց ընտանեկան դրությունը, ինչը ամրագրված չէ նաեւ օրենքով: Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով ՀՀ Կառավարությունը 18.10.2018 թ․-ին կայացված «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարգը սահմանելու մասին» թիվ 1174-ն որոշմամբ սահմանում է. 10. Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը, համապատասխան վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների։ Վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված (նախորոշված) պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից՝ համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ (այսուհետ՝ ԶՀՄ) ունեցողները։ 13. Այն պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով։ Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո՝ մեկ տարվանից ոչ շուտ։ 14․ Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով։ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»: Մինչ վերջին որոշումը՝ 2022 թվականի հունիսի 23-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին » N 941-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի: Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այնուհետեւ, 2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» N 1334-Ն որոշումը, համաձայն որի անհրաժեշտ է համարվել․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման. 2) մասնագիտական վերապատրաստման. 3) մասնագիտական պատրաստման. 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ. -ծանուցագիրը պետք տրամադրել քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետներում, -ապահովել վարժական հավաքներին ներգրավելու համար պահեստազորում հաշվառված անձանց բժշկական հետազոտությունները եւ փորձաքննությունը մինչ վարժական հավաքին ներգրավելու մասին որոշում կայացնելը, -անհրաժեշտ է օրենքով ամրագրել այն անձանց շրջանակը, որոնք ենթակա չեն վարժական հավաքին՝ հաշվի առնելով մասնավորապես՝ ընտանեկան պայմանները(անչափահաս երեխա/ներ ունեցող ծնողների զորակոչի դեպքում, նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի անձանց զորակոչի դեպքում, ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալու դեպքում, հաշմանդամություն ունեցող ծնող/ների դեպքում եւ այլն, ինչպես սահմանված է պարտադիր ժամկետային ծառայության զորակոչելու դեպքում), պարզեցնել ամրագրման ենթակա անձանց վերաբերող օրենսդրական կարգավորումները:
Աղբյուր՝ https://hcav.am/varjakan-havaqner/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com