ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը. ՄԻՊ
ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց: Հայտարարությունում տեղ են գտել պնդումներ, որոնք ավելի վաղ աշխատանքային խմբին ներկայացրել էր Պաշտպանը։Հոկտեմբերի 3-ից սկսած՝ ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 4 դիմում, որով վերլուծվել և ՄԱԿ են ուղարկվել ապացույցներ վարձկանների հավաքագրման, տեղափոխման և վարձատրության հարցերի վերաբերյալ։Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է պաշտոնական հաստատում, որ իր դիմումներին տրվել է առանձին ընթացք:ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը մտահոգիչ է համարել Թուրքիայի ենթադրյալ դերը Սիրիայից Ադրբեջան զինված խմբավորումներ ուղարկելու մասին փաստերը։ Մասնավորապես՝ ահաբեկիչներն Ադրբեջան են մեկնել շահույթ ստանալու նպատակով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Հաղորդվում է, որ մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացվել է ֆինանսական փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն:Ավելին՝ արձանագրել է, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինները հավանաբար առնչություն ունեն զինված այն խմբերի և անհատների հետ, որոնք մեղադրվում են Սիրիայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարելու մեջ, ինչն անհնարին է դարձնում պատժելիությունն ու ռիսկեր ստեղծում միջազգային իրավունքի խախտումների համար։Աշխատանքային խումբը կոչ է արել աջակցող պետություններին անմիջապես դուրս բերել վարձկաններին և մասնակցություն չունենալ վարձկանների հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղափոխմանը։Աշխատանքային խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել Սիրիայի Արաբական Հանրապետությանը:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում միջազգային մարմինների հետ անհատական աշխատանքները՝ հասնելու համար արձանագրմանը, որ վարձկան ահաբեկիչները կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ։
Աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100017676420633
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com