Մարտական գործողություններ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում. կողմերը կորուստներ ունեն

Գիշերը և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու զինծառայող, ադրբեջանական կողմն առայժմ հաղորդել է իր երկու վիրավորի մասին: Գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 7-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են», – ասված էր սկզբնական հաղորդագրությունում: «Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը: Ավելի ուշ նախարարությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց. – «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»: «Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Ժամը 7։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են», – ասված է հաղորդագրությունում: Մեկ ժամ անց էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 8։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են, մարտական գործողությունները շարունակվում են: Եվս մեկ ժամ անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ ժամը 9:20-ի դրությամբ, ադրբեջանցիները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր՝ տալով կորուստներ: Փոխհրաձգությունը շարունակվում է: Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը: «Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – ասված է հայտարարությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն են կեսգիշերից քիչ անց գնդակոծել ադրբեջանական ուժերի դիրքերը «Քելբաջարի շրջանում», վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են կիրառում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն էլ, իր հերթին, Թվիթերում գրել է, թե «երկու պետությունների պետական սահմանի երկայնքով լարվածության էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

Աղբյուր՝ https://mil.am/hy/news/9702

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments