Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը կայցելի Բաքու և Երևան

Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոն հաջորդ շաբաթ այս կարգավիճակում իր առաջին այցով կժամանի տարածաշրջան: Այս մասին իր ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Այն, ինչ մենք նախևառաջ ակնկալում ենք, կլինի կանոնավոր այց Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությանը։ Ինչպես ավելի վաղ նշեցի, այցի շրջանակներում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները։ Նա կմեկնի տարածաշրջան այս հերթականությամբ՝ Բաքու, Երևան, Թբիլիսի»,- հայտարարել է Փրայսը: Վերջինս հույս է հայտնել, որ Բոնոն հնարավորություն կունենա շարունակել երկխոսությունը, որը եղել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ «Մենք, ինչպես հայտարարել ենք այդ եռակողմ հանդիպման ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերից՝ արդյունավետորեն ներգրավվելու խաղաղ գործընթացում։ Պարոն Բոնոն ևս հուսով է, որ այդ առաջընթացը շարունակվում է: Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն» – ասել է Փրայսը։

Աղբյուր` https://www.state.gov/briefings/department-press-briefing-march-2-2023/#post-426098-armeniaazerbaijan

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments