Միջազգային դիտորդներն ընտրախախտումների մասին կխոսեն վաղը
Ժամը 14-ի դրությամբ ընտրախախտման որևէ դեպք չէր գրանցվել կամ դիմում-բողոք չէր ստացվել Գյումրու թիվ 6 դպրոցում տեղակայված 31/45 ընտրատեղամասում:
Ընտրողների կուտակումներ կամ դրանցով պայմանավորված անհարմարություններ, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանի, մինչև այդ պահը չէր առաջացել, թեև վաղ առավոտից, ընտրական տեղամասը բացելուն պես ընտրողների ակտիվություն նկատվել է:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրական գործընթացներն անցկացվում են ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններով, ինչն էլ քաղաքացիների մի մասին, անիրազեկության պատճառով փոքր խնդիրների առաջ է կանգնեցնում:
Բացի տեղական դիտորդներից, այս տեղամասում քվեարկության ընթացքին հետեվում էին նաև միջազգային երկարաժամկետ դիտորդները: Գերմանացի Ինգո Բուետները փաստում է, որ Շիրակի մարզում դիտորդական առաքելություն է իրականացրել դեռևս նախընտրական շրջանում, հետևել է քարոզարշավի ընթացքին, այսօր էլ վաղ առավոտից մարզի տարբեր ընտրատեղամասերում դիտարկել է հանձնաժողովների աշխատանքներն ու քվեարկության ընթացքը:
Ինչպես են ընթանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները Շիրակի մարզում, կամ նկատել են արդյոք ընտրախախտումներ, միջազգային դիտորդները չեն շտապում գնահատական տալ, ասում են ամեն ինչ հայտնի կդառնա վաղը, ԵԱՀԿ գրասենյակի կողմից Երևանում անցկացվող մամլո ասուլիսի ընթացքում:
Թիվ 1 ավագ դպրոցում տեղակայված 31/46 ընտրատեղամասում, ժամը 15-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել էր մոտ 485 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Կոստանյանի տվյալներով, բացի հիմնական ընտրացուցակից, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է նաև 57 զինվորական և 17 ոստիկան:
Տեսողական խնդիր ունեցող ընտրողների համար ԿՀԸ նախատեսել է բրալյան այբուբեն, որը ընտրողի ցանկությամբ քվեարկելիս տրամադրվում է: Այս տեղամասում նման խնդրով մեկ ընտրող արդեն մասնակցել է ընտրությանը, վերջինս սակայն հրաժարվել է օգտվել այս հնարավորությունից:
Ընտրությունների ընթացքից այստեղ գոհ էին նաև տեղական դիտորդներն ու վստահված անձիք:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com