Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Հայաստանի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի մուտքի մոտ տևական ժամանակ լարված իրավիճակ էր։ Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Վեհարան, փորձում էին ձերբակալել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։
Հիշեցնենք, հունիսի 26-ին իրավապահները հայտնել էին, որ Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել «ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր):
Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի /Գևորգ Արտաշեսի Աջապահյան/ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով նրան ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին էլ կոչ է արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
Աջապահյանը բազմաթիվ հոգևորականների և Գարեգին Բ-ի հետ Մայր Աթոռի բակում՝ հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել է, որ ինքը չի պատրաստվում թաքնվել: «Ես թաքնվող չեմ, ես չեմ թաքնվել, եկել են իմ հետևից, ես կգնամ, ես էս երկրի համար սպառնալիք չեմ»,- նշել է նա:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն էլ հավելել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փաստաբանի հետ կուղարկեն, որտեղ պետք է ներկայանա, իսկ ինքն ու մյուս հոգևորականները կգնան վեհարան՝ քննարկումների:
Այնուհետև իրավիճակը լարվել է. հոգևորականներից մի քանիսը հայտարարել են, որ չեն կարող հանգիստ հետևել կամ թույլ տալ, որ Աջապահյանին տանեն: Հրմշտոց է տեղի ունեցել իրավապահների և հոգևորականների միջև:
Շիրակի թեմի առաջնորդը փաստաբանի հետ միասին փորձել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից, սակայն հնարավոր չի եղել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանը նշել է, որ ըստ ընթացակարգի՝ վերջինս պետք է ներկայանա Քննչական կոմիտե:
ԱԱԾ ներկայացուցիչները հեռացել են Մայր Աթոռից առանց Շիրակի թեմի առաջնորդի։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com