Մյունխենում Ադրբեջանից հավաստիացում ենք ստացել, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային տեսանելի երկխոսություն կլինի․ Միրզոյան

Ադրբեջանի նախագահն առաջարկել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին անցակետեր տեղադրել, բայց Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում` այն էլ ուժի գործադրման արդյունքում, Հայաստանի համար ընդունելի չէ։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել ՀՀ սահմանին և այնտեղ, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է և բավականին հրապարակային։ Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց այս դիրքորոշումը հնչեցվել է և այն մնում է նույնը․ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում՝ նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ընդունելի չէ, դա չի կարող ընդունելի լուծում լինել»։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի այս նարատիվը նոր չէ, բայց նոր չէ նաև հայկական կողմի դիրքորոշումը։ «Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,– նշել է ՀՀ արտգործնախարարը։ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը բացառում է ուժի կիրառմամբ եղած պայմանավորվածությունները փոխելու կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments