Նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրական գործընթացը խոչընդոտելու դեպքերում
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, ընդունվեց 79 «կողմ» և 2 «դեմ» ձայներով: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն: Առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Այսինքն` անհատի կողմից կեղծ տեղեկություն հրապարակելը այս կարգավորման տիրույթից դուրս է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար: «Նախագծերի ընդունումը կնպաստի ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը: Նոր կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունները կդառնան ավելի ազատ, արդար և մրցակցային»,- ասված է օրենքի նախագծում: Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն, կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց, կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն, կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով: Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով վարկանիշը էապես վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ հրապարակելը, որը կատարվել է. 1) շահադիտական նպատակներով, 2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, 3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ, 4) երկու կամ ավելի նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com