Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ գերիներին վերադարձնելու մասին բանաձևեր է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդևինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Նա ընդգծել է, որ հոլանդահայերը ողջունում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից երկու բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնում նման հստակ դիրքորոշման համար: «Բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Դեմ է քվեարկել միայն թուրքամետ խմբակցությունը (3 պատգամավոր)։ Ջոել Ֆորդևինդը պահանջել է, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու մեծամասնության կողմից ընդունված այս բանաձևի դրույթները»,- նշել է Հախվերդյանը։ Պատգամավոր Ջոել Ֆորդևինդի բանաձևում հստակ կոչ է արվում կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված՝ իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդևինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես, օրինակ, Հաագա քաղաքում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում Ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Ֆորդևինդի և այլոց բանաձևի պատգամն այն է, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում հնարավոր լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։ FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,- նշում է FAON-ը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։ Խորհրդարանը, դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևում նշվում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։ «Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,- նշել է Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիան։

Աղբյուր՝ http://www.faon.nl/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments