«Շատ դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին». Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ
Կառավարության որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության՝ արդեն նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Աշխատանքային առաջին օրը Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և նշել, որ կարևորում է բաց և թափանցիկ աշխատանքը․ «Լրատվամիջոցների կարևորությունն ու դերը միշտ նշանակալից է։ Ձեզանից մեկն եմ եղել, հանգամանքների և իրողությունների բերումով հիմա այլ կարգավիճակ եմ զբաղեցնում, որը ոչ պակաս պատասխանատու է։ Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ։ Ես պատրաստ եմ բաց ու թափանցիկ աշխատանքի, մարզպետարանի դռները բաց են», -նշել է նա: Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձման առաջարկությունը եղել է կառավարությունից։ «Կարծել եմ, որ պետք է պատվով շարունակել այն գործը, որը իմ գործընկերները սկսել են եւ պետք է հնարավորինս կարողանամ կառավարության իրականացրած ծրագրերը, նախանշված այն անելիքները, որոնք կապված են մարզի հետ, արդյունավետ կերպով ներկայացնեմ եւ նպաստեմ դրանց իրագործմանը։ Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձնումը պատասխանատու է։ Ընդունելով վարչապետի առաջարկը՝ այս ծանր եւ դժվարին փուլում որոշել եմ վերադառնալ մարզ, գիտակցելով Շիրակի մարզի խնդիների եւ բարդությունների ամբողջ սպեկտրը, հասկանալով, որ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնք պետք է լուծել»,-ասել է նա՝ հավելելով՝ առաջիկայում հայեցողական պաշտոնները կհամալրվեն քաղաքի պիտանի եւ նվիրված մարդկանցով. այս պահին մարզպետարաններում հաստիքների կրճատման գործընթաց չկա։ «Այս պահին ունենք խոշորացման փուլը, որից հետո պարզ կդառնա, թե տարածքային գործադիր մարմիններն ինչպիսի գործառույթ ունեն, կամ ինչպիսի առաքելություն են ստանձնելու։ Այս պահին կրճատումների մասին որեւէ խոսք չի կարող լինել»,- նշել է նա: Նորանշանակ մարզպետը վստահեցրել է, որ աշխատանքում կլինի հոգատար, պատասխանատվության չափը գիտակցելով է ստանձնել պաշտոնը, Շիրակի մարզի հիմնախնդիրներին ու հոգսերին էլ բավականաչափ տեղեկացված է․ «Այս ծանր ու դժվար փուլում խնդիրների ու բարդությունների ամբողջ սպեկտրը գիտակցելով եմ անցել աշխատանքի, հույս ունեմ, որ նվիրումով աշխատանքն ու գիտելիքների համեստ պաշարը, որ ունեմ, կկարողանամ ծառայեցնել հօգուտ Շիրակի մարզի»։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին, եթե Աստծո կամոք հաջողի նաև այս ոլորտում՝ կլինի մարզի բոլոր բնակիչների հաջողությունը, որովհետև ինչ անելու է՝ անելու է մարզի ու երկրի համար։ Շիրակի մարզպետն անդրադարձել է գերիների վերադարձման խնդրին՝ նշելով, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ և վստահեցրել, որ ամեն ինչ արվում է խնդրի վերջնական լուծման համար։ Ակտիվ գործընթացներ են տարվում մյուսներին վերադարձնելու համար։ Չեմ թաքցնի՝ պատգամավորի կարգավիճակում լիազորություների ավելի լայն սպեկտոր ունեի, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտությունն օգտագործելով։ Վերջին շրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հենց ընդգրկված եմ եղել այս կարեւոր գործառույթը ստանձնելու համար։ ԵԽԽՎ-ի մեր վերջին բանաձեւում պնդել եմ հատուկ գերիների վերադարձի հետ կապված որոշակի դրույթներ, մասնավորապես, առանձնացնելով Խծաբերդի գերիները, իրենց կարգավիճակային հարցը»,- ասել է նա։ Նազելի Բաղդասարյանը հավաստել է, որ հետևողական է լինելու մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնահարցերի լուծմանը, Շիրակի մարզի զարգացումը լինելու է մարզպետի աշխատանքի առանցքը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com