Շիրակի մարզի Անի համայնքն առանց տեղական իշխանությունների.կանցկացվեն կրկնակի ընտրություններ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո համայնքային իշխանություն այդպես էլ չձևավորվեց: Ընտրապայքարի դուրս եկած ու օրենքով սահմանված շեմը հաղթահարած երեք քաղաքական ուժերը համայնքի ղեկավարման հարցում ընդհանուր հայտարարի չեկան, համայնքի ղեկավար էլ չընտրվեց: Հիշեցնենք, մրցակցությունը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական երազանք» կուսակցությունների եւ «Ազգ-համայնք» դաշինքի միջև էր:

2017 թվականին խոշորացված Անի համայնքը միավորելով 19 բնակավայր ունի: Կենտրոնը Մարալիկ քաղաքն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն Անիում Արման Սարիբեկյանն էր, ով Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգողն էր: «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորում էր Անիի ավագանու անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանը, իսկ «Ազգ-համայնք» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնում էր Մարալիկի երկարամյա քաղաքապետ, հետագայում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

Սեպտեմբերի 25-ին Անիում քվեարկությունը համամասնական ընտրակարգով էր, մասնակցել էր ցուցակային ընտրողների 49,44 տոկոսը՝ 7 հազար 861 ընտրող:

Թեկնածուների ձայների հարաբերակցությունն այսպիսին էր. «Հայկական երազանք» կուսակցությունն ստացել էր 1037 ձայն կամ 13,24 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3032 ձայն կամ 38,71 տոկոս, «Ազգ-համայնք» դաշինքը՝ 3763 ձայն կամ 48,05 տոկոս: Անիի ավագանու 21 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Հայկական երազանք» կուսակցություն՝ 3 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ,«Ազգ-համայնք» դաշինք՝10 մանդատ: Ոչ մի ուժ մեծամասնություն չէր կազմել, իսկ համայնքի ղեկավար ընտրվելու համար առնվազն 11 կողմ ձայն էր պետք, այսինքն, գոնե 2 ուժ պետք է միավորվեր, որ համայնքի ղեկավար ընտրվեր:

Նոյեմբերի 11-ին, Անիի ավագանու լիազորությունների լրանալու օրը, հրավիրվել էր նորընտիր ավագանու առաջին նիստը, որը քվորում չլինելու պատճառով չէր կայացել: Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Երկխոսության մեդիա կենտրոնին հայտնեց, որ շարունակաբար, 2-3 օրը մեկ, թվով 6 նիստ է հրավիրվել Անի համայնքում, բայց դրանք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով: Ի վերջո, օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետն ավարտվել է և համայնքի ղեկավար չի ընտրվել: Կառավարությունն էլ, ըստ Արամ Անտոնյանի, վաղաժամկետ դադարեցրել է նորընտիր ավագանու լիազորությունները: Իսկ դեկտեմբերի 8-ի վարչապետի որոշմամբ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանը:

Դրանից հետո Անի համայնքում ՏԻՄ ընտրությունների նոր օր սահմանվեց: Կրկնակի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի մարտի 26-ին: Սա պետական բյուջեից հավելյալ ծախս կպահանջի, առնվազն 10 մլն դրամի չափով: Ու սա այն դեպքում, երբ Անիի բնակավայրերը բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց լուծումները չեն գտնվում սուղ միջոցների պատճառով:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն հիմա չեն ուզում խոսել այն մասին, թե ինչու համայնքային իշխանություն ձևավորելու գործում փոխզիջման չգնացին ու միմյանց հետ համագործակցելու եզրեր չգտան:

«Հայկական երազանք» կուսակցության թեկնածու Ագուն Սաղաթելյանը Երկխոսության մեդիա կենտրոնին փոխանցեց, որ ինքը քվեարկության արդյունքներն առանց իմանալու, դեռ ընտրություններից 1 ամիս առաջ հայտարարություն էր տարածել, որ ոչ մի քաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմելու: Ըստ նրա, այդ ամենն իր պատճառահետևանքային կապերն ունի, իսկ առաջիկա ընտրություններին կմասնակցի, թե՝ ոչ, դա դեռ որոշված չէ, քննարկման փուլում է:

«Ազգ-համայնք» դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու Արտակ Գևորգյանը, ով  ընտրողների ավելի քան 48 տոկոսի քվեին էր արժանացել, հավաստեց. «Գուցե քաղաքական գործընթաց էր, դրա համար չստացվեց համագործակցությունը, իսկ ես ապաքաղաքական անձ եմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ: Երբևէ, եթե առաջադրվել եմ համայնքի ղեկավարի թեկնածու, ապա դա եղել է ժողովրդի, իմ թիմի պահանջով: Ես որպես վստահություն ներկայացնող անձ ունեմ իմ գործառույթները: Եղե՛լ եմ, կա՛մ ու շարունակական լինելու եմ իմ ժողովրդի կողքին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արման Սարիբեկյանը ոչ թե ակնարկեց, այլ վստահաբար ասաց, որ ինքը առաջիկա ընտրություններում միանշանակ առաջադրվելու է որպես թեկնածու:

Մինչ ՔՊ-ական թեկնածուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը, նախկին աշխատակազմի շատ աշխատողներ ազատման դիմում էին ներկայացրել ու հեռացել: Արտակ Գևորգյանի խոսքով, համայնքապետարանի աշխատակիցների մոտ 95 տոկոսը աշխատանքից ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել: Սա հերքեց համայնքապետի պաշտոնակատարը, նշելով, որ միայն 5-6 աշխատող է հեռացել, իսկ ոմանք, ում աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրանալու են դեկտեմբերի 31-ին, արձակուրդ են ձևակերպել ու աշխատանքի չեն գալիս: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս ամենի հետևանքով համայնքապետարանի աշխատանքը չի տուժել:

Սակայն, հակառակն են հավաստում փաստերը:

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանի հավաստմամբ, համայնքի աշխատանքը նախ տուժում է այն պատճառով, որ ավագանի չունի:

«Այն, ինչը որ ավագանու գործառույթների մեջ է մտնում, ինչ-որ բան հաստատելը, և այլն,  ավագանի չի եղել, չի արվել, գործը չի էլ իրականացվել»,-ասում է նա և ավելացնում. «Բացի դրանից, նաև կան համապատասխան մասնագետներ, որոնք որոշակի գործառույթներ պիտի իրականացնեն. նույն սուբվենցիոն ծրագրերի հայտերի նախապատրաստում, թեև որոշ աշխատանքներ այս մասով կատարվել են, բայց շատ բաներ կիսատ են մնացել: Մենք այս պահին չունենք էլ արդեն հաստատված ծրագիր, ինչը իրականում խնդիր է»:

Ըստ Արամ Անտոնյանի, նաև տարատեսակ մասնագետների աշխատանքից դուրս գալու արդյունքում, շատ գործընթացներ դանդաղել կամ կանգ են առել, որովհետև այդ աշխատողները որոշակի խնդիրներ լուծելու իրավասություն ունեին: Ու հիմա, երբ այդ մասնագետները չկան, նրանց փոխարեն, ինչ որ մեկը պետք է այդ աշխատանքները կատարի, բայց ինչքանո՞վ դա արդյունավետ կանի, արդեն խնդիր է:

Ամենամեծ խնդիրը, ըստ Արամ Անտոնյանի, համայնքի բյուջեի կատարողականն է, որը բավականին ցածր ցուցանիշ է և անդրադառնում է ամբողջ մարզի ցուցանիշների վրա: Խոսքը Անի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման մասին է, որը 74 տոկոս է կազմում: Ցածր ցուցանիշի մասին օրերս մարզխորհրդի նիստում ևս խոսեցին:

Համայնքի ղեկավար և ավագանի չունենալու պարագայում հնարավոր չէ նաև Անիի զարգացման հնգամյա ծրագիրը մշակել ու հաջորդ տարվա բյուջեն կազմել: Համայնքի 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, ըստ Արամ Անտոնյանի, կազմվելու է 2022 թվականի բյուջեի համամասնություններով: Նա ընդգծեց, որ, համայնքի կառավարումը կաթվածահար է այնքանով, որ այն, ինչը ավագանու լիազորությունն է, չի արվում, բաց է մնում:

«Եկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, աշխատակազմի մեծ մասը տեղում չէ, արդեն չեն աշխատում, նոր կադրեր են գալու: Ու թե ինքանով այդ աշխատողները խնդրին կտիրապետեն ու ինչքանով արագ կներգրավվեն այդ գործընթացների մեջ, դա արդեն հարց է: Բնականաբար, աշխատանքների որակն ու ընթացքը տուժելու են: Սա բացառիկ վիճակ է, որը համամասնական կարգով նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում չի եղել»,-հաստատեց Արամ Անտոնյանը: Մինչդեռ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը հակառակն է պնդում, որ 240 հաստիք ունեցող համայնքում կադրային խնդիր չկա, ավելին, ինքը կադրային փոփոխություններ է անելու:

Կարինե Կազարովա

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments