Շիրակի մարզում բնակվող պատերազմի մասնակիցները աջակցություն կստանան աշխատանք գտնելու հարցում
Շիրակի մարզում բնակվող պատերազմի մասնակիցները աջակցություն կստանան աշխատանք գտնելու հարցում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով գնահատել Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքները, օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման հարցում: Հուշագիրը ստորագրել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը: Նախարարի խոսքով՝ Շիրակի մարզում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ և կարիերայի ուղղորդման ճամբարներ, որոնք կխթանեն պատերազմի մասնակիցների աշխատելու մոտիվացիան և կակտիվացնեն նրանց կապը գործատուների հետ: «Համագործակցության արդյունքում ակնկալում ենք, որ հաշմանդամություն ունեցող պատերազմի մասնակիցները կկարողանան լիարժեք վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր հմտություններ և սոցիալական կապեր: Վերականգնողական շրջանից հետո նրանք կկարողանան վերադառնալ աշխատաշուկա, ինչը հնարավորություն կտա ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի կարիքները»,- նշել էՆարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ շատ սերտ համագործակցում են Պաշտպանության նախարարության հետ և այժմ պլանավորում են ներդնել մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինծառայողներին զորացրվելուց հետո ապահովել աշխատանքով և ուսման տարբեր ծրագրերով: Ըստ նախագծի՝ պետությունը մինչև զորացրվելը արդեն գնահատած կունենա զինվորների կարիքները՝ անկախ նրանից մարտական գործողություններին մասնակցել է, թե ոչ, և ըստ այդ կարիքի կմշակվեն ծրագրերեր, այդ թվում՝ համագործակցության հնարավորություններ տարբեր ընկերությունների հետ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը կարևորել է այս նախաձեռնությունը և նշեց, որ հիմնադրամը չէր կարող իր գործունեության մեջ շրջանցել 44-օրյա պատերազմի մասնակցած և վիրավորում ստացած տղաներին որոշակի օժանդակություն ցուցաբերելու հարցը: «Մենք նպատակ ունենք տարատեսակ մոդելների ձևավորմամբ աջակցել պետությանը՝ հետագայում նաև հասկանալու արդյոք հաջողվեց ծրագիրը և ի՞նչ ծավալով և մեխանիզմներով այն հետագայում պետք է շարունակվի: Պետք է հասկանանք՝ արդյոք պետությունը կշարունակի միայնակ իրականացնել ծրագիրը, թե՞ այս ձևաչափով կիրականացնենք մնացած մարզերում բնակվող պատերազմի մասնակից և վիրավորում ստացած մեր տղաներին օժանդակելու նախագիծը»,- ասել է նա:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com