Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել է շուրջ 7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ 2023-ի դրական ու ամենասպասված լուրն իր համար եղել է Խծաբերդից գերեվարված շիրակցի տղաների վերադարձը, որը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության բանակցությունների արդյունքում։ Օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի կատարման արդյունքներին։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, սեփական եկամուտները կատարվել են 95.4 տոկոսով, ամենաբարձրը պետական տուրքերն են գանձվել, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը։ Նախորդ տարվա համեմատ 2023-ին սեփական եկամուտների պլանային շեմը բարձրացվել է՝ 38,2 տոկոսով, 2022-ի համեմատ փաստացի հավաքագրումների թիվն աճել է 39․3 տոկոսով։ 2023 թվականին մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2024 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրել է զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 53.6 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը, տեղեկացրել է Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ, վերջին տարիներին մարզի համայնքներում լուծվել են տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Գյումրիում, ծրագրի արդյունքում, հիմնանորոգվել է 8185 մ երկարությամբ ճանապարհ, 700 շահառու օգտվել է «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում» սուբվենցիոն ծրագրից, որի շրջանակներում հիմնանորոգվել է 3 բազմաբնակարան շենքերի 16389 քմ մակերեսով տանիք։ Ձեռք է բերվել նաև 7 միավոր տեխնիկա և 200 գույք (նստարան և աղբաման), վերանորոգվել է 11 սոցիալական բնակարան, Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտե պատշգամբը, Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը և տանիքը։

Ծրագրեր իրականացվել են նաև մարզի մյուս համայնքներում։ «2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 36 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 156 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 9 մլրդ 96 մլն դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 4 մլրդ 889 մլն դրամ՝ 53.8 տոկոս»,-նշել է Բադիշյանը: Քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել են շուրջ 19 միլիարդ 612 միլիոն դրամ գումարի շինարարական աշխատանքներ։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են չորս բնակելի շենքերի, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների, միջպետական հանրապետական և մարզային տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածների, մասնավոր ներդնողների կողմից անհատական բնակելի և հասարակական շենքերի կառուցման հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: 2022 թվականի համեմատությամբ ներդրումների ծավալն աճել է շուրջ 4 միլիարդ 412 միլիոն դրամով՝ 22,5 %-ով, տեղեկացրել է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:

Անդրադառնալով ՀՀ Շիրակի մարզում ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքներին պատասխանատուն տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվել են ութ ճանապարհաշինական ծրագրեր, որից վեցը՝ 49.9 (7,5 կմ ավարտվել է) կմ երկարությամբ շուրջ 5.0 միլիարդ դրամ գումարի շրջանակներում գտնվում են ավարտական փուլում։ Եւս երկու ճանապարհաշինական ծրագրերի՝ 15.9 կմ երկարությամբ շուրջ 2.3 միլիարդ դրամ ավարտը նախատեսվել է 2024 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում է վեց ճանապարհաշինական ծրագրեր՝ 7.6 կմ երկարությամբ շուրջ 2.8 միլիարդ դրամ գումարով։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր՝ Տրանշ-3 Լանջիկ Գյումրի 23.0 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կառուցման աշխատանքները։ 2023 թվականին սկսվեց նաև «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո» և «Շանսի Հայդրոլիկ Քոնսթրաքշն Ինջինիրինգ Բյուրո» համատեղ ձեռնարկությունը։ Ծրագրի շրջանակում վերաբնակեցվելու է Ջրաձոր գյուղն ամբողջությամբ։ ՀՀ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 115 մլն 926 հազար դրամ գումար մարզի չորս դպրոցների շենքերի նորոգման ու ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներին: «2024 թվականին մարզի ութ բնակավայրերում՝ Սարատակ, Ամասիա, Ջրափի, Շիրակավան, Երազգավորս, Մայիսյան, Փոքր Մանթաշ և Սառնաղբյուր կսկսվեն նաև նոր դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ութ դպրոցական շենքերի կառուցման համար արդեն հայտարարվել են մրցույթներ, որոնք կայացել են 2023 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments