Շիրակի մարզպետարանի ենթակայության կառույցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Մի շարք քաղաքացիների արձագանքների և նրանցից ստացված դժգոհությունների հետքերով, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը ավելի քան 1 ամիս մշտադիտարկում է անցկացրել մարզպետարանի ենթակայության կառույցներում՝ դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, մշակութային, սպորտային հաստատություններ: Հանձնաժողովը փորձում է հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում կառավարումն այդ կառույցներում, ինչպես են քաղաքացիներին ծառայությունները տրամադրվում:
Մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանի հավաստմամբ, այս այցերի շրջանակներում իրենք շատ ավելին են բացահայտել, քան սպասում էին:
«Պոլիկլինիկաներում անցկացված մոնիտորինգի ժամանակ ակնհայտ դարձավ, որ շատ տեղերում աշխատանքի համատեղության արդյունքում, բժիշկները սահմանված ժամանակահատվածում չեն լինում աշխատավայրում, իսկ դա լուրջ դժգոհություն է առաջացնում: Բողոքողների մեծ մասը գյուղական համայնքների բնակիչներն են, ովքեր հաշվառված են քաղաքային պոլիկլինիկաներում: Այցելում են, բժիշկը կամ տեղում չէ, կամ ընդհանրապես չի գալիս ու քաղաքացիների կուտակումներ են տեղի ունենում»,-ասում է Արթուր Նաջարյանն ու ավելացնում,- «Պետք է բոլոր կաբինետների մոտ փակցված լինեն ցուցանակներ, որտեղ նշված լինեն բժշկի անուն-ազգանունը, նեղ մասնագիտացումը և ժամատախտակը, թե ո՛ր օրը, ո՛ր ժամին է աշխատում, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն: Սակայն, դա բացակայում էր գրեթե բոլոր պոլիկլինիկաներում, ինչը խնդիր է»:
Քաղաքային որոշ պոլիկլինիկաներում քաղաքացիները փաստեցին, որ միջանցքներում ցուրտ է, հնարավոր չէ երկար սպասել: Մարդիկ ասում են, որ մրսում են, քանի որ բուժհաստատությունները լավ չեն ջեռուցվում: Ըստ Արթուր Նաջարյանի, իրենք նույնպես պոլիկլինիկաներում արձանագրել են ջեռուցման հետ կապված խնդիրներ:
«Ուսումնասիրությունների արդյունքում խնդիրներ ենք բացահայտել նաև պոլիկլինիկաների աշխատողների հաստիքացուցակներում: Եղել են գրանցված մարդիկ, որոնք աշխատանքի չեն ներկայացել, կամ՝ աշխատանքային տաբելներում, որտեղ հաշվառում պետք է լինի ամենօրյա կտրվածքով, բայց, մարդիկ անգամ 2 շաբաթ հետոյի ստորագրություններ ունեն: Սա լուրջ խնդիր է, ի սկզբանե, մենք նկատի չենք էլ ունեցել, որ այսպիսի խնդիր կունենանք»,-ընդգծում է մարզպետի խորհրդականը:
Դպրոցներում, կրթական այլ հաստատություններում, որոշ մարզադպրոցներում մարզպետարանի հանձնաժողովն հայտնաբերել է դեպքեր, երբ կանոնադրությամբ տվյալ հաստիք սահմանված չի եղել, բայց 15 տարուց ավելի այդ հաստիքը գործել է և այն մարդիկ են զբաղեցրել:
«Որոշ թանգարաններում տոմսերի վաճառքը գրանցված չի եղել, հաշվառման մատյաններում գրված չի եղել իրական այցելուների քանակը: Սա որոշակի ստվերային հարցեր է առաջ բերում»,-ասում է Արթուր Նաջարյանը:
«Այս մոնիտորինգային այցն իր մասշտաբայնությամբ ու խորքայնությամբ առաջինն է մարզում, ուստի կարծում եմ, դրանով էր պայմանավորված, որ շատ կառույցներ, երևի մատների արանքով էին նայում, կամ չէին հասկանում հարցի լրջությունը»,-նշում է նա և հայտնում. «Նպատակն ավելի շատ տեղում խնդիրները բացահայտելն ու աջակցելու փորձ անելն է, որպեսզի դրանք կարգավորվեն: Միտում չկա ինչ-որ մեկին պատժելու, չնայած որ, չի բացառվում, եթե լուրջ խախտումներ ի հայտ գան, ապա աշխատանքից հեռացնելու դեպքեր էլ կլինեն, և միգուցե դրանք ունենան իրավական հետևանքներ ևս»:
Ըստ Արթուր Նաջարյանի, մոնիտորինգի արդյունքները վերլուծվելու են և այն կառույցները, որոնցում խախտումներ են հայտնաբերվել, բացատրություն են տալու: Դրանց հիման վրա մարզպետարանի հանձնաժողովը կդիտարկի և արդեն կհասկանա, թե հետևանքները որոնք են լինելու:
Քաղաքացիները, ըստ Արթուր Նաջարյանի, բողոքում են հիմնականում ծառայություն մատուցողների ոչ թե մասնագիտական գիտելիքներից, այլ իրենց հանդեպ ոչ լավ վերաբերմունքից ու անբարեխիղճ աշխատանքից:
«Գյուղական համայնքների ամբուլատորիաներում շատ հետաքրքիր պատկերներ են եղել, որ առհասարակ բժիշկ չի եղել, իսկ դա տարիներ ի վեր ընդունված պրակտիկա է, որ եթե որևէ մեկը առողջական խնդիր ունի, կզանգահարի, ինչ որ մեկը կմոտենա: Բայց իրենք ստանում են աշխատավարձ և պարտավոր են աշխատանքի ժամին լինել աշխատավայրում, եթե վերադասի հանձնարարությամբ կամ թույլտվությամբ որոշակի գործառույթներով գործուղման մեջ չեն»,-ավելացնում է Արթուր Նաջարյանը:
Ըստ նրա, մարզպետարանը բողոքներ ստանում է ոչ միայն քաղաքացիներից, այլ նաև կառույցների աշխատողներից: Դրանց մասին իրենք իմանում են սոցիալական հարթակներում քաղաքացիների բարձրաձայնումներից և մարզպետարան ընդունելության եկած քաղաքացիներից: Հաճախակի են նաև այն դեպքերը, երբ կառույցների աշխատակիցները բողոքում են վերադասի կառավարումից, իրենց հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունքից, որոշակի այլ կազմակերպչական գործառույթներ վատ իրականացնելուց և այլն:
Այս բացահայտումները կորակվե՞ն արդյոք չարաշահումներ: Արթուր Նաջարյանը կարծում է, որ խնդիրը մարդկանց կողմից տարիներ շարունակ եղել է: Ոչ ճիշտ կառավարչական հմտություններ ունենալը և, այսպես ասած, պաշտպանված կամ երբեմն իրենց արտոնյալ զգալով, ղեկավարները որոշակի գործառույթներ են թույլ տվել: Ու այս միջավայրում տվյալ տնօրենն իր աշխատանքային պարտականությունը չի իրականացրել: Երբեմն ոչ թե չի ցանկանում դա անել, այլ ինքը չի էլ պատկերացնում, թե դա ինչպես պետք է անել:
«Իսկ սա խնդիր է, ստացվում է, մենք ունենք հաստատություն, որտեղ կառավարում իրականացնող անձինք այնքան էլ կոմպետենտ չեն, կամ պարզապես, եթե կոմպետենտ են, ապա ավելի խորը ուսումնասիրություն պիտի կատարվի, հասկանալու համար, թե միտումնավոր շահագրգռությա՞մբ են պայմանավորված խախտումները, թե՞ պարզապես անփութության արդյունք են»,-ընդգծում է Արթուր Նաջարյանը:
Ասում է, մարզի կրթական հաստատություններում հաստիքների չարաշահումներ էլ կան, օրինակ, մեկ անձը տարբեր տեղեր է աշխատում տարբեր ազգանուններով՝ օրիորդական, ամուսնական: Հովանավորչությունը, ծանոթ-բարեկամի աշխատելը, ըստ Արթուր Նաջարյանի, ամենաշատ աչքի ընկնող և ամենատարածված խնդիրը չէ այս բացահայտումներում:
Դրանք արձանագրելն ու հնարավորինս լուծում տալն է լինելու հանձնաժողովի հետագա գործառույթը: Բայց որոշ խնդիրների լուծումն արագ չի լինի: Օրինակ, նեղ մասնագետ բժիշկների կամ հեռավոր սահմամերձ գյուղերում ուսուցիչների պակասը լրացնելու համար տարիներ են պետք:
«Հիմա էս մասով նախարարություններում քննարկում է գնում, մարզպետարանի կողմից էլ ուղիղ ձևով հարցը բարձրացվել է, որ պետք է նպատակային ծրագիր բացվի, որպեսզի մարզի շրջանավարտները սովորելուց հետո վերադառնան ու տեղում աշխատեն: Սպասում ենք հարցի հաջորդիվ զարգացումներին»,-հավաստեց պատասխանատուն:
Շիրակի մարզպետարանը մեկ այլ՝ իրավական հսկողությամբ ևս խախտումներ է հայտնաբերել, այս անգամ մարզի համայնքապետարաններում: Խոսքը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի հրամանով հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության մասին է: 2022 թվականի համապատասխան եռամսյակների համար ուսումնասիրվել են Անի, Արթիկ, Գյումրի, Ամասիա, Աշոցք, Ախուրյան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման օրինականությունը ֆինանսների, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, հողօգտագործման, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության, տրանսպորտի, առևտրի և ծառայությունների, կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջապահության, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության, անասնաբուժության և բուսասանիտարիայի, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության բնագավառներում:
Մարզպետարանի աշխատանքային խմբերը իրավական հսկողության ընթացքում հայտնաբերել են մի շարք խախտումներ և թերություններ, որոնք սահմանված ժամկետներում վերացնելու նպատակով համայնքների ղեկավարներին գրավոր առաջարկություններ են ներկայացվել։ Ըստ մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանի, ընդհանուր առմամբ չեն ապահովվել բյուջեների հաշվետվողականության, բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվների հիմնավորվածության վերահսկողությունը ավագանու անդամների կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, թերի են բյուջետային ուղերձներում ներառվող համապատասխան տեղեկատվությունները։ Չեն հաստատվել կամ թերություններով է կատարվել առևտրի, ծառայությունների, զբոսաշրջության բնագավառներին վերաբերող՝ օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգերի հաստատման գործընթացը։
«Ամասիա, Աշոցք, Գյումրի, Արթիկ համայնքներում նախադպրոցական հաստատություններում սահմանված չեն եղել առանձին հաստիքներ։ Բացի այդ, մարզի թվով 58 նախադպրոցական հաստատություններից մինչև օրս լիցենզավորված են թվով 44- ը։ Նոր միավորված բոլոր 4 համայնքներում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է հաստատվել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը»,-ասում է Արամ Անտոնյանն ու ավելացնում. «Բոլոր համայնքներում չեն ապահովվել բյուջեի սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումները»:
Ավագանիները վերահսկողական բավականին մեծ լիազորություններ ունեն համայնքներում, բայց անգործության են մատնված ու չեն աշխատում: Ըստ Արամ Անտոնյանի, համայնքի ավագանին երբ ուզենա, կարող է հանձնաժողով ստեղծել և վերահսկել այս կամ այն ոլորտի աշխատանքը, ինչը, սակայն, չի անում:
Մյուս խնդիրն էլ այն է, որ մարզի համայնքապետարաններում և համայնքային ենթակայության ոչ բոլոր օբյեկտներում են առկա տարահանման սխեմաները, հակահրդեհային անկյունները, վահանակները և վարքականոնի վերաբերյալ տեղեկատվական նյութերը: Բավարար աշխատանքներ չեն տարվում նաև պատսպարման վայրերը պատրաստ վիճակի բերելու և ազդարարման համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Արձանագրված առանձին թերությունների վերացման համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ։
Շիրակի մարզպետարանի արձանագրած այս խախտումների հետ կապված, Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանն իր մեկնաբանություններն ունի: Ասում է, մանկապարտեզների լիցենզավորման խնդիրը պայմանավորված է նրանով, որ նախադպրոցական շատ հաստատությունների շենքերը տիպային չեն, հարմարեցված կառույցներ են, 1 երեխային բաժին ընկնող մակերեսը սահմանվածից պակաս է: Ասում է, թեկուզ վատը, բայց լավ է, որ գյուղերում մանկապարտեզ է բացվել, հիմա աշխատանքներ են տանում դրանք ընդլայնելու և տիպային շենքեր ունենալու ուղղությամբ:
Արթիկ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը փոխանցեց, որ Արթիկի բնակավայրերում նույնպես որոշ մանկապարտեզներ դպրոցական շենքերում են ժամանակավորապես տեղակայված, բավականին մեծ աշխատանքներ պետք է տարվեն նոր շենքեր կառուցելու համար:
Ինչ վերաբերում է ավագանիների անգործությանը, Վարդան Իկիլիկյանը գտնում է, որ ավագանու ինստիտուտն է չկայացած և մինչև ավագանու աշխատանքը չֆինանսավորվի, կառույցի գործունեությունը լիարժեք չի լինի:
Արա Սուքիասյանի դիտարկմամբ էլ, Եվրոպական ոչ մի երկրում ավագանին աշխատավարձ չի ստանում, պիտի օրենքում փոփոխություններ կատարվեն, որ ավագանին աշխատի:
Պատշաճ պատսպարման վայրեր չունենալու հետ կապված, ըստ Վարդան Իկիլիկյանի, խնդիրը երկար տարիներ անտեսվել էր, բնակիչները շենք-շինությունների նկուղները աղբանոցների են վերածել: Նաև պետական մոտեցում չի ցուցաբերվում խնդրին: Օրինակ է բերում, Ազատանում նոր դպրոց կառուցվեց, որի շինարարության ժամանակ, նախագծով չնախատեսվեց նկուղի կառուցում, հիմքից դուրս բերված հողը նորից ետ լցվեց: Ըստ նրա, պետք է շինությունների նախագծերում պատսպարաններ նախատեսվեն ու առանց դրանց, նախագծերը փորձաքննություն չանցնեն:
Արա Սուքիասյանի հավաստմամբ, որոշ շինություններում նախատեսվում են պատսպարման վայրեր, որոշներում՝ ոչ: Օրինակ, Արթիկ քաղաքում 144 երեխայի համար մանկապարտեզ է կառուցվելու, որի նկուղային հարկում 200 մարդու պատասպարման վայր է նախատեսված: Նաև, ըստ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, պետք է հսկողություն տարվի, որ շինությունների նկուղները բնակիչները բաց պահեն, ոչ թե դրանք ամենքն իրենով անի, դուռը փակի ու անհետանա:
Հետգրություն: Վերոհիշյալ հարցազրույցները տեղի են ունեցել Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրաժարականից 2 օր առաջ:
Կարինե Կազարովա
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com